Մատչելիության հղումներ

Սփյուռքահայ շրջանակներում քննարկվում է ընտրություններին դիտորդություն անելու հարցը


Խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու ցանկություն հայտնած սփյուռքահայ մտավորականների «Արդարադատություն Հայաստան» նախաձեռնության անդամները երեկ երեկոյան ավելի քան երեք ժամ տևած քննարկումից հետո որոշ փակագծեր են բացել:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻ) փոխտնօրեն Սոնա Այվազյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ տարբեր երկրներում, տարբեր համայնքներում տեղի են ունենում քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվում է ընտրությունների, դրանց վերահսկման ու սփյուռքի ներգրավման կարևորությունը։

«Ազատություն». - Արդյո՞ք կա մոտավոր թիվ, թե որքան մարդ է սփյուռքից արձագանքել, որքանն են պատրաստակամություն կամ ցանկություն հայտնել՝ գալ ու դիտորդություն անել, կամ քվեարկել։

Այվազյան. - Այս պահին դեռ մենք չենք առանձնացրել, հատուկ չենք հաշվել սփյուռքահայեր կամ ոչ սփյուռքահայեր քանիսն են, բայց տեղյակ ենք, որ տարբեր երկրներում, տարբեր համայնքներում տեղի են ունենում քննարկումներ, ներկայացվում է կարևորությունն այդ նախատեսվող ընտրությունների և դրա վերահսկման կարևորությունը, այդ թվում՝ նաև սփյուռքի ներգրավման կարևորությունը։ Այնպես որ, մենք դեռ սպասում ենք և կտեսնենք, թե դեռ քանի հոգի կգրանցվի։

«Ազատություն». - Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մարդիկ, ովքեր այդքան էլ ծանոթ չեն հայաստանյան իրականությանը, այստեղ չեն ապրել, ի վիճակի կլինեն, իսկապես, մտնել այդ իրավիճակի մեջ և անել դիտորդություն այնպես, ինչպես որ դուք պատկերացնում եք։

Այվազյան. - Նախ մենք դիտորդներին նախապատրաստելու ենք, և նրանք կարող են արդեն մոտավորապես հասկանալ իրականությունը, իրավիճակը, քվեարկության գործընթացները, ընտրախախտումները, և շատ բաներ պարզապես այսպես ակամայից պարզ են, այսինքն՝ դրա համար պետք չէ հատուկ թրեյնինգներ անցնել, կամ հասկանալ՝ որն է խախտում, որպեսզի հասկանալ, ենթադրենք, լցոնումը, կամ սպառնալիքը, կամ ոչ գաղտնի քվեարկությունը դա խախտում է, թե խախտում չէ։ Այսինքն՝ ցանկացած մեկը, որը ողջամիտ է, նա կարող է հասկանալ, այդ առումով խնդիր չենք տեսնում։

«Ազատություն». - Եթե ամփոփենք, ընդհանուր առմամբ ակնկալո՞ւմ եք, որ հնարավորություն կլինի վերահսկել ամբողջ ընտրական գործընթացը, թե՞ ամեն դեպքում սա մասնակի է լինելու ինչ-որ տեղերում։

Այվազյան. - Նախ 100 տոկոսով դժվար կլինի իհարկե ծածկել բոլոր համայնքները, երկրորդը՝ մենք տեղյակ ենք, որ ընտրությունները միայն քվեարկության օրը տեղի չեն ունենում, և հիմնական խախտումները, հիմնական քվեարկության արդյունքների վրա ազդելու գործիքները կիրառվում են մինչև ընտրությունները, մինչև քվեարկության օրը: Այնպես որ, իհարկե, դա բավականին դժվար է՝ և՛ վերահսկելը, և՛ բացահայտելը, դրա համար մենք կարծում ենք, որ մեզ լիարժեք դա չի հաջողվի անել, իհարկե, չենք կարողանա կանխարգելել, մենք եթե նույնիսկ ոչինչ չտեսանք քվեարկության օրը, դա դեռ չի նշանակում, որ խախտումներ չեն եղել, ու մենք չենք կարող երաշխավորել՝ ընտրություններն անցել են ազատ և արդար, կախված նախընտրական գործընթացներից, նախընտրական քարոզչության ընթացքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG