Մատչելիության հղումներ

Պաշտոնյաների ունեցվածքով զբաղվող հանձնաժողով չի ստեղծվի


Թեև Ազգային Ժողովի 6 խմբակցությունից 5-ը կողմ էին, որ Նիկոլ փաշինյանի առաջարկով Բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների ու ունեցած գույքի համապատասխանությունը ստուգող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը քննարկվի խորհրդարանում, սակայն որոշումը չընդունվեց իշխող Հանրապետականի ջանքերով:

Մինչ քվեարկությունը Փաշինյանը ներկայացրեց ինչ աշխատանք պետք է կատարի այդ հանձնաժողովը, ասաց՝ հիմա պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել իրենց ունեցվածքը, սակայն որևէ մեկը չի ստուգում, որքանով են հայտարարագրերը համապատասխանում իրականությանը: Բացի այդ՝ հայտարարագրումից դուրս են մնում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք՝ բազմաթիվ հարազատներ ու բարեկամներ, ինչպես նաև նրանց արտասահմանյան բիզնեսները, օֆշորային ընկերություններն ու հաշիվները։ - «Ինչո՞ւ 25 տարվա պետականությունը ունի ընդամենը 2.5-2.7 միլիարդ դոլարանոց բյուջե, և Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, չի կարողանում պատշաճ մակարդակով բավարարել իր ամենակենսական կարիքները և միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ պաշտոնյաներ լողանում են հարստության մեջ», - հարցրեց Փաշինյանը:

Պատգամավորը մեջբերեց միջազգային փորձագիտական զեկույցները, որոնք փաստում են՝ Հայաստանից 8 տարում ապօրինի ճանապարհով 10 միլիարդ դոլար է դուրս բերվել: - «Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացվածը օրենքով, միջազգային կոնվենցիաներով, մարդու իրավունքների սահմանված և համապատասխանող ձևով պետք է վերադարձվի ժողովրդին, բայց դա պետք է տեղի ունենա առանց վենդետաների, առանց գիլյոտինների, առանց կախաղանների», - հավելեց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ իր առաջարկած հանձնաժողովը պետք է զբաղվի ոչ միայն ներկայումս պաշտոնավարող այլև անկախ Հայաստանի բոլոր պաշտոնյաների ունեցվածքով՝ սկսած 1991 թվականից․ - «Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հետ վերջին 25 տարվա ընթացքում տեղի ունեցածի մասին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիները պետք է ունենան ամբողջական տեղեկատվություն»:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց՝ կողմ են հանձնաժողով ստեղծելուն: Ավելին, ըստ նրա, վերջերս ընդունված օրենքը՝ ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին, պետք է հետադարձ ուժ ունենա և տարածվի անկախ Հայաստանի բոլոր պաշտոնյաների վրա․ - «Լևոն Տեր-Պետրոսյանը, մեր կուսակցության մնացած բոլոր այն անդամները, ովքեր իշխանության են եղել, բոլորս առաջինն ենք շահագրգռված, որ այդ նախաձեռնությունը 91 թվականից ուսումնասիրի բոլոր հանգամանքները: Մենք հանգիստ ենք, պատրաստ ենք անցնել այդ թեսթը»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ կողմ արտահայտվեց գաղափարին: - «Ի՞նչն է խանգարում պարզել, ով ինչպես է հարստացել տարիների ընթացքում», - հարցրեց Զոհրաբյանը, - «Առանց վհուկների որսի, կախաղանների, ջրահեղձումների և այլ ինկվիզիցիոն մեթոդների պարզել ճշմարտությունը: Կպարզի, որ բոլորի հարստացումը եղել է բացառապես հալալ քրտինքի արդյունքում՝ հանձնաժողովը կարձանագրի, որ Հայաստանում կա այսքան տոննա հալալ քրտինքով հարստացած մուլտիմիլիարդեր»:

Իշխանության մաս կազմող Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ իրենք կողմ են քվեարկելու հարցին քննարկման հնարավորություն տալու համար, սակայն ե՞րբ է գործելու հանձնաժողովը, եթե այս գումարման Ազգային Ժողովն արդեն ավարտում է աշխատանքը․ - «Ի՞նչ է անելու այս հանձնաժողովը: Վաղը եթե ստեղծվելու է, գալու է նոր Ազգային ժողով, այս հանձնաժողովի լիազորությունները դադարելու են և որևէ գործունեություն 25 տարվա իրականացնելու՝ չի ունենալու»:

Նիկոլ փաշինյանը հակադարձեց․ - «Ազգային ժողովի որոշումը ուժը չի կորցնում այն ընդունած Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտով, էլ չեմ ասում, որ 3-4 ամիս ժամանակ կա այս Ազգային ժողովի լիազորությունների ավարտին և լավ աշխատող հանձնաժողովը շատ բան կհասցնի անել»:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ նախաձեռնությունը ձևական և նախընտրական է․ - «Մեզ մնացել է մեկ-երկու ամիս աշխատանքի, և սա պարզապես կարելի է նորից նախընտրական առաջարկություն համարել: Մենք չենք ուզում ձևական որևէ բնույթի հետևից ընկնենք և իրոք այս բարելավումների արդյունքում մենք սա կթողնենք․․․ խորհուրդ եմ տալիս, որ թողնենք հաջորդ Ազգային ժողովին, որպեսզի նորից անդրադառնանք այս թեմային: Հայաստանի Հանրապետական խմբակցությունը դեմ է նման ձևական երևույթներին և մենք դեմ ենք քվեարկելու»:

Նիկոլ Փաշինյանը այս քննադատություններին ի պատասխան նշեց․ - «Երբ որ Հանրապետականի մեծամասնությունը ասում է, որ՝ դուք կարո՞ղ է այս ընտրական փուլում ինչ-որ քաղաքական բան եք ուզում: Ձեր կարծիքով ի՞նչ, մենք էլ պիտի գնանք պասպորտի քսերոքս հավաքե՞նք»:

Որպես անձնագրեր հավաքելու օրինակ՝ Նիկոլ փաշինյանը նշեց հանրապետական պատգամավոր Արտակ Սարգսյանին․ - «Պարո՛ն Արտակ Սարգսյան, ես հիմա բազմաթիվ նամակներ եմ ստանում, որոնց հեղինակները ահազանգում են, որ Դուք ՍԱՍ սուպերմարկետի աշխատողներին պարտադրում եք գրանցումից դուրս գալ և վերագրանցվել այն ընտրատարածքում, որտեղ Դուք առաջադրված եք»:

Ի դեպ, պատգամավոր Արտակ Սարգսյանը, ով «Պառլամենտ մոնիտորինգ» կայքի տվյալներով 2012 թվականին Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց ի վեր խորհրդարանում որևէ ելույթ չի ունեցել ու հարց չի տվել, որոշեց արձագանքել, թե՝ սուտ լուրեր են և իրականությանը չեն համապատասխանում, սակայն լռակյաց պատգամավորի ձայնը լսելի չդարձավ՝ բարձրախոսը չաշխատեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG