Թատրոնի փոխտնօրեն, արձակագիր, դրամատուրգ Նելլի Շահնազարյանն այսօր «Ազատության» հետ զրույցի ընթացքում շեշտում էր, որ թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարի՝ Արմեն Էլբակյանի համոզմամբ, թատրոնի խաղացանկում, ի թիվս հայ դրամատուրգիայի դասական գործերի, անհրաժեշտաբար տեղ պիտի գտնեն նաև ժամանակակից հեղինակների գործեր․ - «Նոր բեմադրություններ սպասվում են: Բեմադրության է պատրաստվում, ուզում են վերականգնել «Հարսնացուն հյուսիսից», որովհետև մի տեսակ կարծես թե նոստալգիա կա այդ ֆիլմի, Աճեմյանի արած ներկայացման նկատմամբ: Բեմադրիչը Արմեն Էլբակյանն է: Խմբի հետ աշխատում է նաև Արմեն Մարությանը»:
Անդրադառնալով ժամանակակից հեղինակիների ստեղծագործություններին՝ Շահնազարյանն ասաց․ - «Շատ ունենք՝ Կարինե Խոդիկյան, Ալվարդ Պետրոսյան, Նելլի Շահնազարյան, Հրաչ Բեգլարյան, Պերճ Զեյթունցյան»:
Վաղը՝ փետրվարի 7-ին, և փետրվարի 8-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կրկին պրեմիերա է տեղի ունենալու՝ հանդիսատեսին կներկայացվի Հրաչ Բեգլարյանի Արցախյանի պատերազմին նվիրված «Արծվաբույն» խորագրով պիեսը, որը բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Դավիթ Հարությունյանը:
«Քանի որ պատերազմը շարունակվում է, այդքանով նույնպես գործը մնում է արդիական: Եվ սա, կարծում եմ, և՛ ուժ, և՛ լիցք կտա, և՛ զորություն, կամք մեր կռվող երիտասարդներին, այսօր մեր սահմանները պահող երիտասարդներին», - նշեց Շահնազարյանը՝ շարունակելով․ - «Մենք մտադիր ենք այս ներկայացումով լինել բոլոր սահմանամերձ գոտիներում, զինվորների համար, տեղի բնակչության համար խաղաղ այս ներկայացումը»:
Խոսելով իրենց թատրոնի խնդիրներից, Նելլի Շահնազարյանն ասաց․ - «Շատ տխուր է․․․ Հանդիսատեսի այցելությունների քանակը նվազում է, որովհետև նաև ժողովրդի քանակն է, հասարակության քանակն է նվազում Հայաստանում, մայրաքաղաքում: Բայց հուսանք, որ նոր ներկայացումների հետ, նոր պրեմիերաների հետ կավելանա հանդիսատեսի քանակը: Նոր ներկայացումները նոր հանդիսատես կբերեն»: