Ապրիլյան պատերազմին մասնակցած որոշ ուսանողների ուսման վարձավճարները մինչ այսօր չեն զեղչվել, չնայած նրանց զինգրքույկներում ռազմական գործողություններին մասնակցությունը հավաստող համապատասխան գրության առկայությանը։
«Ազատության» հետ զրույցում արդեն զորացրված մի քանի ուսանողներ հայտնեցին, որ այդ խնդրին բախվել են ինչպես Երևանի ԲՈւՀ-երում, այնպես էլ այդ հաստատությունների մարզային մասնաճյուղերում։
Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանող Էդիկ Մարտիրոսյանը, ով ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում վիրավորվել է, ապաքինվելուց հետո ուսման վարձի զեղչի համար արդեն մի քանի անգամ դիմել է ԲՈւՀ-ի ռեկտորին։ «Ասել են՝ պիտի Երևանից պատասխանեն, դեռ նման հարց չկա: Դեկանը պետք է որոշի էլի»: Ուսանողի խոսքով՝ ԲՈւՀ-ից պահանջել են ցույց տալ նույն կարգավիճակով ևս մեկ ուսանողի, ում վարձավճարը զեղչվել է, որպեսզի դրա հիման վրա իր վարձը ևս զեղչեն։
Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում սովորող մեկ այլ զորացրված ուսանող էլ, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, թե ԲՈւՀ-է ներկայացել անգամ պաշտպանության նախկին նախարարից ստացած «Գարեգին Նժդեհ» մեդալով։ Մինչ այսօր, սակայն, նրա ուսման վարձից ոչ մի դրամ չի զեղչվել։ «Մինչև բանակ գնալը սովորել եմ քոլեջում, գերազանց առաջադիմության համար միանգամից փոխադրվել եմ երկրորդ կուրս, առաջին կուրս ես չեմ նստել: Բանակից որ զորացրվեցի, ներկայացա ԲՈւՀ, զեղչի պահով ասացին, որ տվյալ պահին ոչ մի բան չեն կարող անել: Կարող են անել միայն առաջին կիսամյակից հետո: Բայց երկրորդ կիսամյակն էլ արդեն մոտեցել ա, էլի զեղչ չի արվել»,- ասաց ուսանողը:
Ճարտարագիտականի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, մինչդեռ, բացառում է, որ իր ղեկավարած հաստատությունում կարող է նման դեպք լինել։ «Անհնար ա էդպիսի բան, ես դեռ չեմ հիշում, թող ուսխորհրդի նապխագահն էլ ասի, որ քառօրյայի մասնակիցը մեզ դիմած լինի, մենք նույնիսկ հետաձգենք»,- ասաց ռեկտորը: ԲՈւՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանն էլ հավելեց՝ քառօրյային մասնակից ուսանողների դեպքում անգամ նախապայմաններն են հանված:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ևս «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ բոլոր ԲՈւՀ-երը կատարում են դեռ անցած տարի իր տված հրամանը՝ ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողները պետք է ստանան 50 և ավելի տոկոս ուսման վարձի զեղչ։ «Պարզապես խնդիրն այն է, որ պետք է ինչ-որ ձևով ԲՈւՀ-ը ստանա փաստ, որ երիտասարդն իսկապես մասնակցել է: Այդ փաստի ձևաչափը, մտածեցինք, որ ճիշտ կլինի, որ զինկոմիսարիատները տան: Եթե լինում են դեպքեր, որ ԲՈւՀ-ը հրաժարվում է, կոնկրետ թող դիմեն նախարարություն»,-ասաց Լևոն Մկրտչյանը:
Այսօր կրթության և գիտության նախարարությունը հայտարարեց, որ բանակից զորացրված 475 ուսանողներ, ովքեր 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ը մասնակցել են մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ: