Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Լուկաշենկո․ Մոսկվան վախենում է, որ Բելառուսը կարող է դեպի Արևմուտք գնալ


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման պատճառն այն է, որ Մոսկվան վախենում է Մինսկի դեպի Արևմուտք «գնալուց»:

Միևնույն ժամանակ Լուկաշենկոն մտացածին է որակել լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Բելառուսը ցանկանում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից: Նա հավաստիացրել է, թե իր երկիրը չի ցանկանում ո՛չ Եվրամիություն մտնել, ո՛չ էլ ՆԱՏՕ:

Փետրվարի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Լուկաշենկոն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովին մեղադրել է «գրչի մի հարվածով» միջպետական սահմանի մասին համաձայնագիրը ջնջելու մեջ: Բացի այդ Բելառուսի նախագահը հանձնարարել է քրեական գործ հարուցել Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի նկատմամբ, ում մեղադրել է «պետությանը վնաս հասցնելու մեջ»:

Հունվարի վերջին ռուսական գերատեսչությունը սահմանափակել է երկու բելառուսական ընկերությունների արտադրանքի ներմուծումը, պատճառաբանելով, թե կասկածներ ունի, որ նրանք ուկրաինական միս են ներկրում:

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ Բելառուսը առանց ռուսական նավթի էլ կարող է ապրել, միևնույն ժամանակ, սակայն, Բելառուսը դատարան է դիմել Ռուսաստանից ներկրվող նավթի ծավալների կրճատման պատճառով: Մինսկը համարում է, որ Ռուսաստանը երկկողմ պայմանավորվածություններ է խախտել:

ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը փետրվարի 1-ին հանձնարարել է Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանային գոտի հաստատել: Այս հանձնարարականը հաջորդել է Բելառուսի որոշմանը, որի համաձայն, 80 երկրների քաղաքացիների համար՝ այդ թվում ԵՄ և ԱՄՆ, չեղյալ է հայտարարվում մուտքի արտոնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG