Մոսկվան անթույլատրելի է համարում բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնումը՝ պնդելով, որ Ռուսաստանի քաղաքացին չի կարող փոխանցվել երրորդ երկրների: Այս մասին, ըստ «Ռիա Նովոստի» գործակալության, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ Լապշինի հնարավոր արտահանձնումն անթույլատրելի էր համարել Ռուսաստանի Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան: «Ռուսաստանի քաղաքացին չի կարող արտաքսվել Ռուսաստանի տարածքից կամ արտահանձնվել ուրիշ պետություն։ Իմ տեսակետն են կիսում նաև Ռուսաստանի արտգործնախարարությունն ու այլ մասնագիտացված գործակալություններ», - իր հայտարարությունում ասել էր Մոսկալկովան՝ հորդորելով Ռուսաստանի քաղաքացիներին արտասահման մեկնելուց առաջ ուսումնասիրել տվյալ երկրների օրենքներն ու չխախտել դրանք։