Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը չի բացառում, որ քաղաքացիներին ընտրատեղամասեր ուղղորդելը «հակաիրավական բովանդակություն չունենա»


Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները վստահ են՝ ապրիլի 2-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, ոստիկանության աշխատանքը պետք է ուղղված լինի վարչական ռեսուրսների չարաշահման ու ընտրակաշառքների դեպքերի բացահայտմանը, ինչում իրավապահները նախկին տարիներին խիստ թերացել են՝ Ոստիկանությունում այսօր հրավիրված քննարկման ժամանակ շեշտեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն նախագահ Դանիել Իոաննիսյանը:

Հանդիպման առիթը ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների նոր ուղեցույցի նախագիծն էր: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ոստիկանության շտաբի պետին հորդորեց հստակ միջոցներ ձեռք առնել այդ օրը ընտրողների զանգվածային փոխադրումները ընտրատարածքներ կանխելու համար՝ պարզելով ով և ում հրահանգով է մարդկանց խմբերին ավտոբուսով քվեարկության բերում:

«Եթե բիզնեսի ղեկավար է, և այդ օրը զարմանալիորեն իր մեքենան տրամադրում է իր հաշվին, այդտեղ կա խնդիր», - ասում է Սաքունցը՝ հարցնելով․ - «Սիրուն աչքերի համա՞ր է նա մարդկանց տեղափոխում»:

Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն այլ դիրքորոշում ունի: Ասում է՝ խնդիր կա, բայց ծայրահեղությունների գիրկը ընկնել պետք չէ, մարդկանց տեղափոխելը քրեորեն պատժելի արարք չէ․ - «Շատ հնարավոր է, որ կազմակերպված քաղաքացիներին դեպի տեղամասեր ուղղորդելը բոլորովին էլ հակաիրավական բովանդակություն չունենա: Քրեական օրենսդրությունը սրան ընդհանրապես չի անդրադարձել»:

Քոչարյանը Սաքունցին հարցնում է՝ եթե քաղաքացին ընտրակաշառք է վերցրել, ապա ոստիկանությունն ի՞նչ կարող է անել: Հորդորում է՝ գիտեք դեպքեր, հաղորդեք դրանց մասին, առանց հանրության օգնության իրավապահները կաշառքի բաժանումը կանխել չեն կարող:

Քաղհասարակության ներկայացուցիչները պնդեցին, որ ուղեցույցում պետք է հնարավորինս մանրամասն նկարագրվեն ոստիկանության անելիքները, որպեսզի շարքային ծառայողի համար ընկալելի լինի, թե ինչի համար է ինքը պատասխանատու ընտրական պրոցեսի ընթացքում:

«Կապված 50 մետր շառավղով կուտակումների հետ, այստեղ զուտ ձևակերպում է՝ ոստիկանը առաջարկում է հեռանալ տարածքից, եթե չի հեռանում, ուրեմն զգուշացնում է վարչական պատասխանատվության մասին: Ես առաջարկում եմ առաջարկել բառը փոխարինել պահանջում է բառով», - որպես օրինակ մատնանշեց Դանիել Իոաննիսյանը:

Քոչարյանը որոշ նկատառումների հետ համաձայնում է, որոշների դեպքում էլ հակադարձում՝ չեն կարող ուղեցույցը դարձնել ոստիկանագիտական հանրագիտարան: Բայց օպերատիվ շտաբի գործողությունների հստակեցում անպայման կարվի՝ վստահեցրեց նա: Արթուր Սաքունցն էլ հորդորեց օպերատիվ խմբերին ակտիվ աշխատել ոչ միայն ընտրության օրը, այլև դրա նախօրեին՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես նախընտրական շտաբների գործողությունները:

«Մենք ունենք հիմնավոր կասկածներ պնդելու, որ նախընտրական շտաբները ղեկավարում են քաղաքացիների ուղղորդված հոսքը դեպի ընտրական տեղամասեր: Նաև հիմնավոր ահազանգեր կան, որ ընտրակաշառքների, խրախուսանքի և այլ միջոցների հարցեր են լուծում», - նշեց Արթուր Սաքունցը:

Լրագրողները ոստիկանության շտաբի պետից հետաքրքրվեցին՝ արդյոք իրավապահների մոտ կասկած չի՞ առաջանում, որ ընտրությունների նախաշեմին մարդկանց մեծ խմբեր սկսում են փոխել հաշվառման վայրը: Հովհաննես Քոչարյանը խոստովանեց՝ երբ աշխատում էր Անձնագրերի և վիզաների վարչությունում, նման երևույթ նկատել է, բայց կանխելու լիազորություն չունի: Նախորդ տարիներին առաջարկել են անգամ ինչ-որ մի փուլից հետո հաշվառումն արգելել, բայց մերժվել է:

«Մեծամասնական ընտրակարգի լիակատար վերացումը կբերի այդ դեպքերի վերացման: Ռեյտինգայինը քանի պահպանվել է, այդ ակտիվությունը կնկատվի: Ուզում եք դրա տակ դիտեք կաշառքից դրդված ակտիվություն, ուզում եք դրա տակ դիտեք պարզապես ընտրական գործընթացով պայմանավորված օբյեկտիվ ակտիվություն: Մենք չենք կարող այդպես հստակ սահման գծել, որ ասենք՝ անպայման փողն առել եկել են, որ վերահաշվառվեն: Կարող է պատահել, որ իրենց նախընտրած թեկնածուին ընտրելու համար իրենց ազգուտակով տեղափոխվում են մի տեղ ընտրելու: Շատ դժվար է այդպիսի սահմանագիծ գծել և ասել՝ սա թույլատրենք, սա չթույլատրենք», - պարզաբանում էր Ոստիկանության շտաբի պետը:

Անդրադառնալով ընտրության օրը հանցագործության մասին հաղորդումներին՝ ոստիկանության շտաբի պետը հայտարարեց, որ ստուգվելու է յուրաքանչյուր տեղեկատվություն: Քաղհասարակության ներկայացուցիչներն էլ առաջարկեցին իրավապահներին ուղեցույցի ուսուցման ժամանակ մասնակից դառնալ ու մատնանշել անգամ այն վայրերն ու անձանց, ովքեր աչքի են ընկնում խախտումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG