Մատչելիության հղումներ

Հրաժարականի դիմում է ներկայացրել «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենը


«Մարտիկ» հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանը:
«Մարտիկ» հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանը:

Զբաղեցնելով Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնը և լինելով քաղծառայող՝ Սեդրակ Սեդրակյանը տարիներ շարունակ զբաղեցրել է նաև «Մարտիկ» հիմնադրամի տնօրենի պաշտոնը, ինչը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի խախտում է։

Օրենքում ամրագրված է, որ քաղաքացիական ծառայողն իրավունք չունի կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից:

«Ազատության» հետ զրույցում Սեդրակ Սեդրակյանն ասաց, որ Պաշտպանության նախարարությունում իր հետագա պաշտոնավարման հարցը կորոշի նախարար Վիգեն Սարգսյանը:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով ուսումնասիրել է «Մարտիկ» հիմնադրամի գործունեությունը, նկատում է՝ միայն աշխատանքից ազատվելը տվյալ դեպքում բավարար չէ։

«Պիտի պատասխան տան` ինչո՞ւ են խախտել օրենքը: Պաշտպանության նախարարությունը և անձամբ Արթուր Աղաբեկյանը պիտի պատասխանի և բացատրի հասարակությանը, թե ինչու է օրենսդրությունը էս դեպքում ոտնահարվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բախշյանը:

Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ, «Մարտիկ» հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանը ևս ընդունում է, որ խախտում են թույլ տվել. - «Մենք ինչ-որ տեղ խախտում ենք իրականացրել «Պետական հատուկ ծառայության մասին» օրենքի: Վստահ եմ, որ թե' Պաշտպանության նախարարը, թե' իր ենթակա Սեդրակյանը այդ հարաբերությունների շուրջ կխոսեն իրար հետ: Դա «Մարտիկ» հիմնադրամի գործունեության շրջանակից դուրս է, և այդ գնահատականները հնչեցնելուց հետո արդեն մենք հետագա մեր հարաբերությունները կկառուցենք Սեդրակյանի հետ»:

Բացի օրենքի խախտումից, Անահիտ Բախշյանը հիմնադրամի գործունեության մեջ մութ էջեր է տեսնում։ Հիմնադրամի ֆինանսական միջոցները, որոնք հավաքվել են Հայաստանի համար արտակարգ իրավիճակներում օգտագործվելու և երկրի պաշտպանությանը նպաստելու համար, ըստ Բախշյանի, նպատակին չեն ծառայում. - «Էստեղ 4 միլիոն 650 հազար դրամ 2016 թվականի ամանորի նախօրեին մարտական հերթապահությունում ընդգրկված 300 սպաների ընտանիքներին ամանորյա նվերների փոխանցում... Ի՞նչ փաստ կա սրա տակ»:

Հիմնադրամի նախագահը հակադարձում է՝ իրենց միակ սխալը ոչ հրապարակային գործունեություն է եղել. - «Մի փոքր բաց ունենք, որ այդ ծրագիրը ժամանակին չենք զետեղել ինտերնետային էջում: Կարծում եմ, դա սխալ է, որը մենք պետք է շտկենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG