Մատչելիության հղումներ

Վարչապետն իրավապահներին. «Բիզնեսը խարխլող» միջոցներ՝ միայն ծայրահեղ դեպքերում


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր իրավապահ մարմինների ղեկավարներին հանձնարարեց «տնտեսվարող սուբյեկտների բիզնեսը խարխլող միջոցներ ձեռնարկել միմիայն ծայրահեղ դեպքերում»։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար մեծ կարևորություն ունի պետական մարմինների կողմից բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված նպաստավոր պայմանների ստեղծումը և այնպիսի միջոցառումների ձեռնարկումը, որոնք կապահովեն գործարար միջավայրի անխոչընդոտ զարգացումը:

«Այս առումով, շատ կարևոր է նաև Հայաստանի կառավարության կողմից Քրեական օրենսգրքում՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու հանցակազմի հստակեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը», - նշեց Կարապետյանը՝ շարունակելով. - «Հաշվի առնելով գործարարության զարգացման և խրախուսմանն ուղղված քայլերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ առաջարկում եմ իրավապահ մարմիններին, հանցավորության դեմ պայքարում իրենց իրավասության շրջանակում հայեցողական լիազորություններն իրականացնելիս, հնարավորինս խուսափել միջամտելու տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը, իսկ վերջիններիս նկատմամբ բիզնեսը խարխլող կամ այլ կերպ վատթարացնող հարկադրական միջոցներ ձեռնարկել միմիայն ծայրահեղ դեպքերում», - ասաց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG