Նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը կզբաղեցնի իշխող Հանրապետականի (ՀՀԿ) Արարատի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնը:
Սարգսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Հանրապետականից նման առաջարկ արվել է և ինքն էլ ընդունել է:
Նշենք, որ երեկ, Արարատի կառույցի արդեն նախկին ղեկավար, պատգամավոր Կարինե Պողոսյանը Հանրապետականից դուրս գալու դիմում ներկայացրեց: Պողոսյանն, ով, ի դեպ, Հովիկ Աբրահամյանի ազգականուհին է, մեկ տասնյակից ավելի անձանց հետ լքեց Հանրապետականը՝ հետևելով Աբրահամյանի օրինակին։
Հարցին, թե կհաջողվի՞ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Հանրապետականի համար շատ ձայներ ապահովել, հաշվի առնելով, որ Արարատի մարզում ուժեղ են Հովիկ Աբրահամյանի դիրքերը, նախկին ոստիկանապետը պատասխանեց, թե գուշակություններ անել չի ցանկանում։
«Ազատություն». - Ձեզ կհաջողվի՞ փոխարինել Հովիկ Աբրահամյանին։
Սարգսյան. - Ես Հովիկ Աբրահամյանին չեմ փոխարինում, ես փոխարինում եմ մարզային կառույցի ղեկավարին՝ Հանրապետական խորհրդի նախագահին, ես Հովիկ Աբրահամյանին չեմ փոխարինում, և հիմա ես չեմ ուզում նույնիսկ այդ մասին մտածել, ես գնում եմ իմ աշխատանքն անեմ՝ ինչ որ իմ պարտականությունների մեջ է մտնում։ Ինչքանով դա կստացվի՝ կյանքը ցույց կտա։
«Ազատություն». - Նկատի ունեմ՝ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը հաշվի առնելով, Ձեզ կհաջողվի՞ նույնչափ շատ ձայներ ապահովել Հանրապետականի համար, ինչպես նա էր անում։
Սարգսյան. - Թույլ տվեք գուշակություններ չանեմ նախապես, թույլ տվեք հասնեմ տեղ, աշխատեմ, ամեն ինչ տեսանելի կլինի, ես այն ժամանակ իմ կարծիքը կհայտնեմ՝ ինչ հույսեր ունեմ։
«Ազատություն». - Իսկ հնարավո՞ր է, որ հետագայում էլ մարզպետի պաշտոնը Ձեզ առաջարկվի։
Սարգսյան. - Չեմ կարծում, չէ, չեմ կարծում, անցած էտապ է ինձ համար...
«Ազատություն». - Իսկ որտե՞ղ եք Ձեզ տեսնում՝ պատգամավոր եք Ձեզ տեսնում, նախարար եք տեսնում, ոստիկանապետ եք տեսնում...
Սարգսյան. - Էս պահին երևի... չգիտեմ, որտեղ հանրապետության նախագահը հարմար կգտնի՝ օրենսդիրում էլ կարող եմ աշխատել, գործադիրում էլ։ Նպատակահարմար կգտնեն՝ կշարունակեմ, չեն գտնի՝ չեմ շարունակի։
«Ազատություն». - Բայց ամեն դեպքում Դուք կլինե՞ք ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում։
Սարգսյան. - Ինձ թվում է՝ այո։
Ի դեպ, հիշեցնենք, Ալիկ Սարգսյանը 8 տարի շարունակ՝ 2000-ից 2008 թվականներին զբաղեցրել է Արարատի մարզպետի պաշտոնը: 2008-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ոստիկանապետ, 2011-ին ազատվելով այդ պաշտոնից՝ առայսօր Սերժ Սարգսյանի խորհրդականն է։
Թե ինչու իշխող Հանրապետականը որոշեց ընտրություններից առաջ հենց Սարգսյանին վստահել Արարատի մարզը, Հանրապետականի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց, թե նախ Սարգսյանը ղեկավարել է ոչ միայն Արարատի մարզը, այլև եղել է Հանրապետականի մարզային կառույցի ղեկավարը: Եվ հետո, ըստ Թադևոսյանի, Ալիկ Սարգսյանն ավելի լավ կաշխատի, քան կառույցի նախկին ղեկավարը՝ պատգամավոր Կարինե Պողոսյանը:
«Ազատություն». - Նա կկարողանա՞ լրացնել այն բացը, որ առաջացել է Հովիկ Աբրահամյանի և, կարելի է ասել, նրա թիմի հեռանալուց հետո, ի վերջո, նրանք բավական լավ աշխատում էին իշխող Հանրապետականի համար։
Թադևոսյան. - Հարցի ձևակերպման հետ համաձայն չեմ։ Որպեսզի լրացնի, ինքն ավելին կանի, կուսակցության կառույցներն ավելի նվիրվածությամբ կաշխատեն՝ հանուն պետության և հանուն կուսակցության։
«Ազատություն». - Ավելի լա՞վ կաշխատի նա, քան կառույցի նախորդ ղեկավարը։
Թադևոսյան. - Այո։
Այսպիսով, Հովիկ Աբրահամյանի մտերիմների և կողմնակիցների Հանրապետականը լքելուց հետո Արարատի մարզը կղեկավարի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, իսկ կուսակցության տարածքային կառույցը՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։
Վերլուծաբան Հակոբ Բադալյանն, անդրադառնալով այսնշանակումներին, ընդգծում է, որ Հանրապետականը փորձում է սաբոտաժի հնարավոր ռիսկերը չեզոքացնել, տվյալ դեպքում թույլ չտալ, որ Հովիկ Աբրահամյանին հավատարիմ մարդիկ տապալեն որևէ գործընթաց:
«Ազատություն». - Ի՞նչ եք կարծում, քաղաքական հաշվեհարդար կլինի՞ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ. մամուլը շատ է գրել նրա ունեցած բիզնեսների մասին... հնարավո՞ր է, որ ինչ-որ ստուգումներ սկսվեն, այսինքն՝ այն, ինչ-որ ժամանակին տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հետ։
Բադալյան. - Ես կարծում եմ, որ ստուգումներն ու հաշվեհարդարը մի քիչ տարբեր բաներ են, հաշվեհարդար ասելով մենք պետք է հասկանանք սեփականության կորուստ, արդյո՞ք՝ Հովիկ Աբրահամյանը կունենա սեփականության կորուստ։ Ես կարծում եմ, որ այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե Հովիկ Աբրահամյանն ինչպես կպահի իրեն. եթե նա գնա իշխանության հետ շատ սուր առճակատման, դա կլինի առերևույթ, թե՝ ներքին ստվերային որևէ մեխանիզմներով, ես կարծում եմ, որ հաշվեհարդարի և սեփականության կորստի ռիսկը կարող է մեծանալ, բայց, եթե այդ ամեն ինչը չլինեն, չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանին սպառնում է որևէ բան, դա նաև համակարգի ներքին տրամաբանության մեջ չէ։ Ինչ վերաբերում է ստուգումներին, ապա, կարծում եմ, որ դրանք ընդամենը նախազգուշական միջոցներ են, այսինքն՝ ընդամենը զգուշացումներ են, որ պետք չէ գնալ սուր առճակատման։
Վերլուծաբանը, սակայն, ավելի հավանական է համարում, որ Հովիկ Աբրահամյանը, տեղավորվելով իշխանական որևէ սցենարի մեջ, նպաստի այդ նույն համակարգի պահպանմանը և ոչ թե պայքարի դրա դեմ։ «Հովիկ Աբրահամյանը համակարգում ամենևին այն մարդը չի եղել, նա առանցքային դերակատարներից մեկն է եղել և առանցքային դերակատարն ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող գնալ սուր առճակատման, և, ի վերջո, Հովիկ Աբրահամյանը չի հայտարարել քաղաքականությունից դուրս գալու և ինքնախարազանման կամ ինքնասպանության մասին», - ասաց Բադալյանը։