Մատչելիության հղումներ

Վլադիմիր Հակոբյան․ Նախագահ Սերժ Սարգսյանի անունով բացված ֆեյսբուքյան էջը կեղծ էր


Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյան
Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյան

Նախագահ Սերժ Սարգսյանի անունով բացված ֆեյսբուքյան էջը կեղծ էր, այսօր տեղեկացրեց նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը՝ հավելելով, որ իրենց դիմումից հետո Ֆեյսբուքը արգելափակել է այն:

«Էջի ջնջելով համարում ենք խնդիրը լուծված», - հավելեց Հակոբյանը, ի պատասխան «Ազատության» այն հարցին, թե դիմելո՞ւ են իրավապահներին էջի հեղինակին գտնելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում պաշտոնական էջ չունի և առաջիկայում էլ՝ նման բան չի նախատեսվում, հայտարարեց խոսնակը:

«Պետական գործունեության երկար տարիների ընթացքում դրա կարիքը չի եղել», - նշեց Հակոբյանը:

«Ազատության» դիտարկմանը, թե՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բավականին մեծ թվով գործիչներ արդեն ունեն իրենց սեփական էջը և նախընտրում են հենց այդ հարթակը, արդյո՞ք Սերժ Սարգսյանը չի պատրաստվում ևս օգտագործել այն, նախագահի խոսնակը պատասխանեց․ - «Յուրաքանչյուրն իր նախընտրություններն ունի, նախագահը գերադասում է շփվել ուղիղ»:

Նախագահի անունով բացված ֆեյսբուքյան էջում գրառումները սկսվել էին հունվարի 27-ից, իսկ այսօր էջն արդեն անհասանելի էր: Շրջանառվող կարծիքներին, թե էջը իրական էր, պարզապես այն հեռացվել է մեծ թվով բացասական մեկնաբանությունների պատճառով, Վլադիմիր Հակոբյանն արձագանքեց․ - «Մեր կողմից չի բացվել: Եթե էջի կարիք ունենայինք՝ կբացվեր 2008 թվականից, այլ ոչ թե 2017-ին: Մենք մեր քայլերից ու գործողություններից չենք վախենում և հետ չենք կանգնում: Եթե էջը բացված լիներ պաշտոնապես, դրա մասին նախապես պաշտոնապես կծանուցվեր, որ բացվել է պաշտոնական էջ»:

Նախագահ Սարգսյանի անունով էջին անդրադարձել է նաև սոցիալական ցանցերում ամենաակտիվ հանրապետականը՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Սոցիալական ցանցում մոտ 70 հազար հետևորդ ունեցող Աշոտյանը խորհուրդ է տվել կեղծ էջի փոխարեն հետևել վարչապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին: «Ազատության» հետ զրույցում՝ Աշոտյանն ասաց՝ նախագահի նախասիրություններից չէ Ֆեյսբուքը, իսկ որ էջը կեղծ է՝ ակնհայտ էր:

«Ակնհայտ էր, որ կեղծ էր, որովհետև, եթե նկատեցիք, նախկինում այդ կեղծ էջը գրված էր Կարեն Կարապետյան: Երբ բացվեց վարչապետի իրական էջը, իրենք երևի ստիպված եղան «ռեբրենդինգ» անել, այսպես ասած», - նշեց Աշոտյանը:

«Ազատության» հարցին՝ իսկ ինչո՞ւ չկա Սերժ Սարգսյանը Ֆեյսբուքում, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց․ - «Քաղաքական գործիչները, ղեկավարները իրենք են որոշում ինչպես են շփվում հասարակության հետ: Մի բան ակնհայտ է՝ նախագահը արհեստականություն չի սիրում: Եթե իրենը չէ՝ նա չի ուզում տրվել բացառապես մոդային կամ տրենդներին և այլն»:

Այս նախընտրական շրջանն աչքի է ընկնում հատկապես սոցիալական ցանցերում քաղաքական գործիչների, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող նախկին պաշտոնյաների ակտիվությամբ: Իրենց տեքստային և տեսաուղերձները տարածելու համար Ֆեյսբուքն են նախընտրում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, վերջերս սոցիալական ցանցերում սկսել է ակտիվություն ցուցաբերել նաև իշխող կուսակցությունից հեռացած Հովիկ Աբրահամյանը, ով նախագահ Սարգսյանի՝ գետի և առվակների մասին փոխաբերությանը իր նորաբաց էջում արձագանքեց:

Գրող, մեդիա փորձագետ Վահրամ Մարտիրոսյանը կարծում է՝ գործընթացը անշրջելի է, նոր մեդիայի հնարավորություններից ցանկանում են օգտվել բոլորը, այդ թվում և ժամանակին ինտերնետն ու սոցիալական ցանցերը քննադատողները:

«Հասկացել են, որ Հայաստանի զարգացած մասի, կրթական բարձր ցենզ ունեցող մասի, մտավորական մասի հետաքրքրությունը Ֆեյսբուքում է, հեռուստատեսությունը մնացել է սերիալ նայողների սիրած զբաղմունքը: Այդ պատճառով իրենք ուզում են խառնվել էլիտային», - ասում է նա:

Մեդիա փորձագետը չի կարծում, թե նախընտրական շրջանում քաղաքական գործիչների ֆեյսբուքյան ակտիվության հիմնական պատճառը հեռուստատեսության փակ լինելն է իշխանություններին քննադատողների համար:

«Բռնում են իշխանությունից մեկին սարքում են կեղծ ընդդիմադիր: Հիմա էդ կեղծ ընդդիմադիրը որևէ խնդի՞ր ունի հեռուստատեսություններով ելույթ ունենալու: Ոչ: Խնդիրն այն է, որ երևի պիտի ելույթ չունենա, որ չասեն՝ այ, որ ընդդիմադիր է, բա ո՞նց են բոլոր ալիքներով իրեն ցույց տալիս», - մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG