Թիվ 1 ընտրատարածքում ընդդիմադիր «Ելք» դաշինիքին հրաժարվում են նախընտրական շտաբի համար վարձակալությամբ տարածք տրամադրել։ Այս մասին հայտարարում է դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվել պատրաստվող Կարեն Չիլինգարյանը։
26-ամյա ընդդիմադիր գործիչն առաջին անգամ է որպես թեկնածու մասնակցում ընտրություններին, սակայն, նշում է՝ 2008-ից Ավանում այդ խնդիրը կա․ տարածքների սեփականատերերն ընդդիմադիրների հետ գործ ունենալուց հրաժարվում են։
«Ես արդեն մոտ 3-4 շաբաթ փնտրում եմ տարածք Ավանում: Իմ կարծիքով, թաղապետարանը լավ աշխատել է այս ընտրությունների ուղղությամբ՝ մարդկանց վախեցնելով, ահաբեկելով, ինչ-որ կոմպրոմատներով ․․․ որոշ տարածքների տերեր էլ հենց իրենք են թաղապետարանի աշխատողներ, հանրապետականներ: Եվ այդ պատճառով չեն տրամադրում [տարածք]»,- «Ազատությանն» ասաց Կարեն Չիլինգարյանը:
Նար հետ շրջեցինք Ավանի փողոցներով, համոզվելու համար՝ առկա՞ են արդյոք վարձակալման ենթակա տարածքներ և ի՞նչ են պատասխանում դրանց սեփականատերերը։ Մեր հեռախոսազանգերին ի պատասխան, նրանք կամ խոստանում էին «հետ զանգել», սակայն չէին զանգում, կամ էլ ուղղակի մերժում էին։
Սեփականատերերից մեկն էլ ասաց, որ «իր ընկերը Սարգսյան Ռոբերտն է, դրա համար էլ ուրիշ շտաբերի տարածք չի տալիս»: Խոսքը գործող պատգամավոր, հանրապետական Ռոբերտ Սարգսյանի մասին է, որը նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է։ «Ազատության» հարցին՝ արդյո՞ք ինքն է հորդորել ընկերներին՝ տարածք չտրամադրել ընդդիմադիրներին, հանրապետական պատգամավորը պատասխանեց՝ «ես բրոկեր չեմ»։ Նաև ասաց, թե ինքն իրավունք չունի՝ ինչ-որ մարդկանց հորդորել, որ ուրիշներին տարածք չտրամադրեն, հետևաբար, նման բան անել չէր կարող:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, թիվ 1 ընտրատարածքում Հանրապետականի ռեյտինգային ցուցակով առաջադրվել են պատրաստվում ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը ( նրա անունը շոշափվում է օվշորային հայտնի սկանդալում, սակայն, ՀՔԾ-ն վերջերս կարճել էր այդ ահազանգերով հարուցված գործը), պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Ռոբերտ Սարգսյանը։
«Ելքի»-ից Կարեն Չիլինգարյանի կարծիքով, հենց նրանց հաջողությունն ապահովելու համար են անհավասար պայմաններ ստեղծվում Ավանում։ Սակայն, եթե անգամ իրենց մինչ քարոզարշավն այդպես էլ վարձակալությամբ տարածք գտնել չհաջողվի, ապա, երիտասարդ ընդդիմադիրի խոսքով, «Ելք»-ն առանց նախընտրական շտաբի չի մնա։ «Այդ դեպքում իմ նախընտրական շտաբը կդառնան Ավանի փողոցները»,- ասաց «Ելք»-ի ներկայացուցիչը: