Մատչելիության հղումներ

Բնակիչները բողոքում են Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի շինարարության հասցրած վնասներից


Նորիկ Մկրտչյանը պնդում է՝ տունը վթարային է դարձել Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի կառուցման ժամանակ, մինչդեռ քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել միայն մի պատը նորոգել։ Մկրտչյանն ասում է՝ Հյուսիս-հարավ ճանապարհի մաս կազմող կամրջի շինարարության ժամանակ մոտ մեկ տարի վախով են քնել ու արթնացել, քանի որ պատերը շարժվում էին, տան վրա էլ ամեն օր մի նոր ճեղք էր ավելանում։ Տանտերը վստահ է, որ հիմքը վնասվել է ու այստեղ այլևս ապահով չէ։

Նորիկ Մկրտչյանի պնդմամբ՝ սկզբում խոստացել են փոխհատուցել վնասը, անգամ եկել ու լուսանկարել են, սակայն շինարարության ավարտին արձանագրել են, որ միայն մի ճեղք է հայտնաբերվել։ Բնակիչն անկախ մասնագետների է հրավիրել, ովքեր էլ տունը որպես երրորդ կարգի վթարային են գնահատել։ Մկրտչյանը թոռնիկների համար է մտահոգվում. վեց հոգանոց ընտանիքից հիմա միայն ավագներն են այստեղ բնակվում։

«Ստիպված զոքանչի տուն են գնացել, ի՞նչ անեմ: Թոռնիկներիս հետ գնացել է՝ Արուսիկիս ու Նորիկիս», - պատմեց նա:

Նախորդ ամիս ճանապարհի բացման ժամանակ Արշակունյաց պողոտայի բնակիչը փորձել է նախագահին մոտենալ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։ Մկրտչյանը բողոքն արդեն դատարան է տեղափոխել. ասում է մինչ այդ բոլոր հնարավոր ատյաններին դիմել է։

«Հիմա ուզում եմ Ձեզ էլ խնդրել, պարո՛ն վարչապետ, լսեք ու ընդունեք: Ձեզ էլ եմ նամակ հղել, նկարներն էլ եմ ուղարկել: Սա է վիճակը արդեն: Տեսեք, ու հասկացեք, որ այն չեն անում, ինչ պիտի ժողովրդի հանդեպ անեն, այդքան անտարբեր պիտի չլինեն ժողովրդի հանդեպ», - հավելեց նա:

Շրջանցիկ ճանապարհի բացման ժամանակ բողոքի յուրօրինակ ակցիա նաև Գևորգյաններն էին կազմակերպել, որը սակայն աննկատ մնաց։ Պատին փակցված պաստառը դեռ մնացել է՝ «Ապահովեք ընտանիքիս անվտանգությունը»։ Տան կեսը, որն այլ սեփականատիրոջ է պատկանել, օտարվել է: Գևորգյանների պահանջը, սակայն, անպատասխան է մնացել։ Տանտիրոջ եղբոր՝ Գուրգեն Գևորգյանի խոսքով՝ բնակիչները տան մի հատվածը չեն կարողանում օգտագործել:

«Պլակատը փակցրեցին, որ իրենք տեսնեն, որ նման խնդիր կա: Ոչ մեկը ո՛չ մոտեցավ, ո՛չ ինչ-որ բան հարցրեց: Այսպես փակցված է մնացել է: Գիշերը վախենում են քնեն», - պատմեց Գևորգյանը:

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանի խոսքով, այս հատվածի տներից և ոչ մեկը կառուցված չի եղել սեյսմիկ նորմերի պահպանմամբ, այլապես շինարարությունը դրանց վրա ազդեցություն չէր ունենա։ Այդուամենայնիվ եթե ինժեներական թիմը փաստել է, որ վնասներ եղել են, ապա դրանք փոխհատուցվել են՝ ասում է քաղաքապետարանի պաշտոնյան՝ հավելելով շինարարական ոչ մի նորմ չի խախտվել․ - «Օրվա կտրվածքով մի քանի անգամ կատարվում էին վիբրացիայի չափումներ, հասկանալու համար՝ արդյո՞ք դա թույլատրելի սահմանում է: Բոլոր չափումները, ընդ որում՝ դրանք ներկայացվում են նաև Ասիական զարգացման բանկին, փաստել են, որ թրթռման մակարդակը թույլատրելի սահմանում է, հետևաբար դրանք չէին կարող վնաս հասցնել կոնկրետ այս դեպքում Նորայր Մկրտչյանի տանը: Երբ հնարավոր է եղել աջակցել, ինչ-որ բարեկարգման աշխատանքներ անել, ամրացման աշխատանքներ անել, նույնիսկ եթե այդտեղ չի եղել որևէ ազդեցություն, մենք փորձել ենք անել: Ունենք բնակիչներ, որոնք, սակայն, թույլ չեն տվել, պնդելով, որ ուզում են փոխհատուցում, ուզում են վերաբնակեցում: Բազմակի անգամներ նշել ենք՝ վերաբնակցում հնարավոր չէ, քանի որ ազդեցության գոտում չեն գտնվում»:

Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհը կառուցվում է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում։ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի նպատակը մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելը, նաև հյուսիսի ու հարավի միջև կապն ապահովելն է։ Շրջանցիկ ճանապարհի հատվածում 26 տուն ու հողատարածք էր օտարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG