Մատչելիության հղումներ

Լույս է տեսել Իոսիֆ Բրոդսկու էսսեների ժողովածուն


Բրոդսկու էսեններն առանձին գրքով առաջին անգամ են հայերեն տպագրվում:

Անցյալ տարեվերջին «Անտարես» հրատարակչությունը «Անվանափոխված քաղաքի ուղեցույց» խորագրի ներքո տպագրել է 20-րդ դարի մեծագույն բանաստեղծներից մեկի՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկու էսսեների ժողովածուն:

Վերջին տարիներին թարգմանական լայն գործունեություն ծավալած «Անտարես» հրատարակչությունը այս ժողովածուն ներառել է հատուկ մատենաշարի մեջ:

«Սա նոր շարք է՝ ԳԱՄ, հապավում է, նշանակում է գրականություն, արվեստ, մշակույթ: Երբ մենք տպագրեցինք այդքան գեղարվեստական գրքեր, մեղ մի շատ ճիշտ դիտողություն արեցին, գրականագետ Վահրամ Դանիելյանն արեց: Ասաց՝ կա այն, ինչ որ պետք է կարդա հայ ընթերցողը, բայց հայ ընթերցողը չունի գործիք, որպեսզի կարդա այդ գրքերը: Որովհետև գրքեր կան, որ սովորական մեթոդով չեն, սովորական գաղափարաբանությամբ չեն, սովորական ասելիքով չեն, և պետք է գրականագիտության և մշակույթի այսպես կոչված բագաժ, որպեսզի այդ գրքերի հաղթահարումը հեշտ լինի: Այդ նպատակադրմամբ ստեղծեցինք այս մատենաշարը՝ ԳԱՄ-ը, որտեղ ընդգրկված կլինեն համաշխարհային մեծությունների ոչ-գեղարվեստական գործերը՝ էսսեներ, հոդվածներ, հարցազրույցներ», - «Ազատության» հետ զրույցում ներկայացրեց «Անտարես»-ի գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:

Իոսիֆ Բրոդսկու էսսեների ժողովածուն այս մատենաշարով հրատարակված արդեն երրորդ գիրքն է: Ավելի վաղ լույս էին տեսել Ժան-Կլոդ Կարիերի, Ումբերտո էկոյի «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» ժողովածուն և Միգել դե Ունամունոյի «Քրիստոնեության հոգեվարքը և խրատական երեք նովել» գիրքը: Նիկողոսյանի փոխանցմամբ, արդեն պատրաստ է և շատ շուտով լույս կտեսնի նաև «Թշնամի կերտելիս և այլ պատահական գրվածքներ» խորագրով ժողովածուն․ - «Այս մատենաշարի նպատակն է օգնել հենց այս գրողներին հասկանալ: Բրոդսկու էսսեների հրատարակումը Լեոնիդ Զիլֆուղարյանի՝ անգլերենից թարգմանությամբ, բնագրից են մեր բոլոր թարգմանությունները, ունի ավելի շատ գործառույթներ: Հայերեն կա Բրոդսկու պոեզիան՝ բավական լավ թարգմանված, բայց միշտ եղել է մեծ հետաքրքրություն Բրոդսկու տեսական հայացքների շուրջ: Նման գիրք, իհարկե, Հայաստանում առաջին անգամ է տպագրվում: Եվ սա կօգնի ոչ միայն Բրոդսկու բարդ ոճը, բարդ ասելիքը, նրա պոեզիայի մեջ ներթափանցելուն, այլև սա հրաշալի գիրք է ընդհանրապես աշխարհը, պոեզիան, մարդկությունը և հենց իրեն՝ Բրոդսկուն ճանաչելու համար: Որովհետև ամեն մի մեծ բանաստեղծ նաև մեծ աշխարհաքաղաքացի է, և աշխարհում, ամենատարբեր պետություններում, հասարակարգերում կատարվող այնպիսի նուրբ բաներ է տեսնում և գրում, որ շատ քչերը կարող են․․․ Եվ վերնագիրն էլ մենք պատահական չենք դրել՝ «Անվանափոխված քաղաքի ուղեցույց»: Աշխարհը, գրականությունն ընդհանրապես, որպես անընդհատ մեզ խաբող և իր անունը փոխելով մեզնից խուսափող երևույթ, և գիրքը, որպես այդ քաղաքը ճանաչելու ուղեցույց: Անընդհատ խուսափում է մեզնից, բայց մենք այդ գրքի շնորհիվ կարող ենք բռնել»:

«Մեծ գրողը նա է, ով ընդարձակում է մարդկային աշխարհընկալման հեռանկարը, ով փակուղում հայտնված մարդուն ելք է ցույց է տալիս, կյանքը շարունակելու ճանապարհ է առաջարկում», - 20-րդ դարի ռուս արձակին նվիրված «Աղետներ օդում» խորագրով Բրոդսկու հոդվածի այս տողերը վստահաբար կարելի է հենց իրեն ՝ նույն դարի մեծագույն գրողներից մեկին ուղղել՝ ընթերցելով ոչ միայն նրա բանաստեղծական, այլև` այսօր արդեն հայերեն թարգմանությամբ լույս տեսած էսսեների ժողովածուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG