Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է մի շարք զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին:
Օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրվել են զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության մասին գրառումներ չկատարելու, կատարված գրառումներում «Անվավեր» նշում կատարելու կամ այդ գրառումները ջնջելու հետ կապված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաև քննարկվել են խնդրի հետ կապված մանրամասներ:
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ներկայացրած հանգամանքների կապակցությամբ օմբուդսմենի աշխատակազմում նախաձեռնված է պաշտոնական ընթացակարգ: Արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ՝ պարզելու համար ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունից պարզաբանումներ պահանջելով և համատեղ աշխատելով Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի հետ, ասված է հաղորդագրությունում: