Մատչելիության հղումներ

«Ծառուկյան դաշինքի» համագործակցության հուշագիրը կստորագրվի առաջիկա օրերին


Հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը Գյումրի կատարած այցի ժամանակ, 11-ը դեկտեմբերի, 2016թ․
Հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը Գյումրի կատարած այցի ժամանակ, 11-ը դեկտեմբերի, 2016թ․

Առաջիկա օրերին գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանը մի շարք քաղաքական ուժերի և անհատների հետ կստորագրի «Ծառուկյան դաշինքի համագործակցության հուշագիրը», ինչից հետո նորաստեղծ դաշինքը կսկսի պատրաստվել խորհրդարանական ընտրություններին:

«Օրը վերջնական դեռ հստակեցված չէ, այս պահին դեռ քննարկումները և օրվա հետ կապված հստակեցումները դեռ ընթացքի մեջ են», - «Ազատությանը» հայտնեց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ հավելելով․ - «Քանի որ վերջին շտրիխներն են պայմանավորվածությունների ձեռք բերվում, այս պահին իսկապես կոնկրետ օր չեմ կարող մատնանշել՝ միգուցե այս շաբաթ, միգուցե՝ մյուս»:

Թե ի վերջո որ ուժերը կընդգրկվեն դաշինքում՝ Իվերտա Տոնոյանը չի հստակեցնում, չհերքելով, սակայն, որ բանակցություններ են վարել ՍԴՀԿ-ի, Ռամկավար ազատական կուսակցության, «Ժառանգության», ՀՀՇ-ի և մի շարք այլ կուսակցությունների և անհատների հետ։

ՀՀՇ-ն «ինտենսիվ բանակցություններ է վարել»

ՀՀՇ-ից հայտնեցին, որ խիստ հավանական է, որ «Ծառուկյան դաշինքի» համագործակցության հուշագրին իրենք ևս միանան, երկար բանակցություններ են ունեցել, որոնց ընթացքից ՀՀՇ-ականները տեղյակ են, պարզապես վարչության վերջնական նիստը դեռ չեն անցկացրել։

«Եղել են ինտենսիվ բանակցություններ, և բնականաբար վարչության օրակարգի առաջին կետում կլինի հենց այդ քննարկումները: Մինչ վերջնական որոշումը կայացնելը արդեն մոտավորապես բոլորը կանխատեսում են, թե ապագայում ինչ պետք է տեղի ունենա», - «Ազատությանը» փոխանցեց կուսակցության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ «Ծառուկյան դաշինքի» հետ ունեն ծրագրային ընդհանրություններ, մտահոգ են Հայաստանի ներկայի ու ապագայի համար, բացի այդ՝ քաղաքական մթնոլորտի հրամայականն է՝ ընտրություններին դաշինքներով գնալը։

«Չեմ կարծում ՀՀՇ-ն միայնակ գնա ընտրություններին, որովհետև եկեք քաղաքական դաշտին ռեալ նայենք․ կարծում եմ այս պահի դրությամբ ընթանում է մի գործընթաց, որը միտված է քաղաքական միավորների խոշորացմանը: Ես չեմ կարծում, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կա մի քաղաքական ուժ, որը, չտիրապետելով լծակների, ֆինանսական լուրջ ռեսուրսների, կարողանա միայնակ հաղթահարել անհրաժեշտ պատնեշը», - հավելեց ՀՀՇ գործադիր քարտուղարը:

«Ազատ դեմոկրատները» բացառում են «Ծառուկյան դաշինքի» հետ հանդես գալը

Ապրիլի 2-ի ընտրություններին պատրաստ է միայնակ, առանց դաշինքի գնալ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի խոսքով ընդդիմադիր քաղաքական դաշտի գրեթե բոլոր ուժերի հետ խորհրդակցություններ ունեցել են, սակայն կստեղծեն իրենց սեփական ազատականների պլատֆորմը, որը չի դաշնակցի ռուսական ծիրում գտնվող ուժերի հետ։

«Բացարձակապես բացառում եմ «Ծառուկյան դաշինքի» հետ ընդհանուր հանդես գալը: Եվ դա նաև, կարծում եմ, լուրջ չէ թե՛ մեզ համար, թե՛ իրենց, մի պարզ պատճառով, որովհետև տարբեր քաղաքական հայտեր ենք ներկայացնում: Ինչպե՞ս կարելի է համատեղել երկու տարբեր բևեռներում գտնվող քաղաքական պահանջները», - նշեց «Ազատ դեմոկրատների» ղեկավարը:

Քոքոբելյանը վտանգավոր է համարում հանուն իշխանափոխության բոլորով միավորվելու թեզը․ - «Այստեղ կա նաև քաղաքական մշակույթի հարցը: Թե ով ինչ քաղաքական մշակույթ է ներկայացրել և ինչին է հետամուտ լինում: Եվ ես նորից եմ ասում՝ շատ վտանգավոր եմ համարում այդ թեզը, որը այսօր արհեստական դաշտ է նետվում, որ՝ գիտե՛ք, կարող են բոլորը միավորվել Հայաստանում իշխանափոխության համար: Համաձայն եմ, բայց հարց՝ ի՞նչ իշխանություն ենք բերում: Այսինքն, եթե բերվում է նույն իշխանությունը, կա մի բան ավել, կամ պակաս՝ դա խնդրի լուծում չէ»:

Առաջիկա օրերին «Ազատ դեմոկրատների» վարչությունը, ինչպես նաև նրանց հրավիրյալ գործընկերները կքվեարկեն, թե ովքեր կլինեն իրենց ցուցակի առաջին հորիզոնականներում։ Քոքոբելյանի խոսքով՝ ցուցակում առանցքային դերակատարներ կարող են լինել նախկին ժառանգականներ Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, ինչպես նաև պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով կարող է նաև լինել «Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածուն։

«Ես որևիցե խնդիր չեմ տեսնում թե՛ Հրանտ Բագրատյանի առումով, թե՛ իմ առումով, թե՛ շատ-շատ այլ այն անդամների, ովքեր ներկայացնելու են մեր համամասնական ցուցակը», - պարզաբանեց Քոքոբելյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG