Մատչելիության հղումներ

Դատախազությունը հանձնարարել է նյութեր նախապատրաստել նորածնի մահվան առնչությամբ


«Դատալեքս» տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն, ծնունդՆ ընդունած բժիշկ Նշան Գևորգյանն իր բժշկական պրակտիկայի ընթացքում հասցրել է 4 տարբեր գործերով կանգնել դատարանի առջև և մեղավոր ճանաչվել:

Հունվարի 29-ին Մուրացան բժշկական կենտրոնում նորածնի մահվան առնչությամբ իրավապահ մարմինները մինչև այսօր լռում էին: Միայն աշխատանքային օրվա ավարտին «Ազատության» հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունից տեղեկացրեցին, որ մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկի հիման վրա հանձնարարվել է նյութեր նախապատրաստել:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով, անկախ նրանից, որ ոստիկանությունը հարազատներից դիմում չի ստացել, և ծնողները ստորագրությամբ հրաժարվել են դիահերձումից, միայն մամուլում տեղ գտած հրապարակումները բավարար են քննություն սկսելու համար․ - «Ամեն դեպքում նորածնի մահվան փաստը ինքնին հիմք է, որպեսզի ստուգողական գործողություններ արվեն: Այն էլ այս պարագայում, երբ որ զանգվածային լրատվամիջոցները քանի օր է արդեն դրա մասին ահազանգում են՝ դեպքի օրվանից սկսած առնվազն: Երեխայի հարազատներն էլ իրենց դիրքորոշումում ուղիղ սլաքներն ուղղում են բժիշկների դեմ»:

Ու մինչ դատախազությունը քննություն կիրականացնի, ծնունդ ընդունած բժիշկ Նշան Գևորգյանի մասին նոր փաստեր են ի հայտ գալիս:

Ինչպես պարզ է դառնում «Դատալեքս» տեղեկատվական համակարգի տվյալներից, Գևորգյանն իր բժշկական պրակտիկայի ընթացքում հասցրել է 4 տարբեր գործերով կանգնել դատարանի առջև և մեղավոր ճանաչվել: Իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով 7 ամսվա մեջ նա դարձել է 3 անձի մահվան մեղավորը: Դրանից 3 տարի անց էլ կրկին իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել կաշառք պահաջնելու դեպքով:

Նկատենք, սակայն, որ Գևորգյանը պատիժները ճաղերի հետևում չի կրել: Նախ համաներման է արժանացել, իսկ այնուհետև պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 2 տարի փորձաշրջան, որը, ի դեպ, դեռ չի ավարտվել: Ու ինչպես է ստացվել, որ այս բժիշկը կրկին աշխատում է հիվանդանոցում, գրեթե ոչ մի կառուցից մեզ այդպես էլ սպառիչ պատասխան չտվեցին:

Առողջապահության նախարարությունից և մարզպետարանից ասացին, թե իրենք չեն կարող վերահսկել, թե ով ում է գործի ընդունում:

«Մարզային բժիշկներին ո՛չ ընդունում ենք, ո՛չ էդ ինֆորմացիային տիրապետում ենք, ո՛չ էլ․․․ Էդ հարցով դիմեք մարզպետարան: Գլխավոր բժիշկը կպատասխանի, թե ինչու է փորձաշրջանի ժամանակ աշխատել: Բժիշկներին իրանք են նշանակում և ազատում», - «Ազատությանն» ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

Առողջապահության գծով Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը փոխանցեց, որ մարզպետի հանձնարարականով նշանակվել է ծառայողական քննություն, իսկ քրեական անցյալով բժշկին աշխատանքի ընդունելու համար պատասխանատու է հիվանդանոցի տնօրենը, ով, ինչպես պարզվեց, արձակուրդում է և միայն վաղն է վերադառնալու Հայաստան:

Փոխարենը նրա տեղակալ Անահիտ Հայրապետյանն «Ազատությանը» նոր մանրամասներ հաղորդեց արդեն երրորդ օրը անհասանելի դարձած Գևորգյանի մասին․ - «Պոլիկլինիկայում էսօր գաղտագողի էկել ա էնդոկրինոլոգի մոտ, էդ պահը չեմ իմացել: Հետո պոլիկլինիկական գծով տեղակալն ասեց, որ հետազոտություն են արել, շաքարը բարձր էր, իրան ուղեգրել են ստացիոնար բուժում: Չեմ տեսել իրան, չեմ կարողանում հեռախոսազանգով գոնե երկու բառ փոխանակեմ, որ մանրամասները իմանամ»:

Հայրապետյանի պարզաբանմամբ՝ մինչև հանգամանորեն չքննարկեն պատճառները, ծննդաբերությանը ընթացքը, ոչինչ ասել չեն կարող․ դեռ հարց է՝ արդյո՞ք Գևորգյանն է մեղավոր նորածնի մահվան մեջ․ - «Ես մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի հետ էլ խոսել եմ, էնդեղ ասում են, որ հարաբերական էր ցուցումը կեսարյան հատում գնալու կամ չգնալու: Եվ արդյունքում ավելի շատ կարևորվում է այն էպիկրիզը, որ տվել են նրան Երևանից, որ այնտեղ օբստրուկցիոն թոքաբորբ ա եղել»:

«Նորածին աղջիկը Երևան է տեղափոխվել ցնցումային համախտանիշով, շնչառական խանգարումներով», - ասում է Մուրացանի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավարը: Հրանտ Կալանտերյանը, սակայն, չի բացառում, որ նման ծանր երևույթները երեխայի մոտ կարող էին առաջ գալ ծննդաբերության հետևանքով․ - «Նման ծանր երևույթներ կարող են երեխայի մոտ առաջ գալ ի հետևանս թթվածնային քաղցի, որը երեխան տանում է ծննդաբերության ընթացքում՝ եթե ծննաբերության ընթացքը հարթ չի ընթանում: Մի բան, որ կարծեմ տեղի մանկաբարձների մոտ արդեն գրանցված է»:

Նա չբացառեց, որ կեսարյան հատման պարագայում երեխան կարող էր ողջ մնալ:

Հիշեցնենք, որ դեռ երեկ «Ազատության» հետ զրույցում Արմավիրի բժշկական կենտրոնի նեոնատոլոգ Ռուզաննա Խաչատրյանը ևս նշել էր, որ ծննդկանին ցուցված էր միայն կեսարյան հատումը, որը կատարելու որոշումը բժիշկ Գևորգյանը չի կայացրել:

Նորածնի հարազատները պնդում են, որ հենց Գևորգյանի թերացման պատճառով է 4 օրական երեխան մահացել:

XS
SM
MD
LG