Ապրիլյան պատերազմի մասնակից բազմաթիվ զինվորներ զորացրվում են զինգրքույկներում ռազմական գործողություններին իրենց մասնակցության մասին գրառումները կա՛մ ջնջված, կա՛մ փոփոխված՝ անվավեր նշումներով, մի շարք դեպքերում էլ ուղղակի առանց համապատասխան գրառման։
«Մասնակցել եմ ապրիլյան պատերազմին, եղել եմ առաջնագծում՝ տարբեր վայրերում: Զորացրվելու օրը, երբ ինձ հանձնեցին Զինվորական գրքույկը, նրա մեջ նշված էր, որ մասնակցել եմ ապրիլյան պատերազմին, և վրան կարմիր գրիչով գրված էր՝ անվավեր», - «Ազատության» հետ զրույցում պատմեց զորացրված զինծառայող Գարիկ Հովհաննիսյանը: - «Շատ մեծ զարմանք ապրեցի այդ օրը: Ինչպե՞ս ասեմ․․․ ոնց որ՝ չեն գնահատում մեր արածը: Չգիտեմ․․․», - հավելեց նա:
Զինգրքույկներում նման փոփոխություններ արվում են անմիջապես զորացրման պահին։ «Ազատության» հետ զրույցում զորացրված զինվորներն ասում էին՝ չեն հասկանում, թե ինչ սկզբունքով են Ղարաբաղի զորամասերում որոշում, թե որ զինվորն է մասնակցել պատերազմին, որը ոչ:
«Ես հարցրել եմ՝ ասել են՝ կա՛մ հարմար չի եղել, կա՛մ չպիտի խփեին [ռազմական գործողությունների մասին հավաստող կնիքը]: Բայց ինձ հետ մարդ է եղել նույն տեղը՝ իրենը խփել են», - պատմեց մեկ այլ զինծառայող:
«Ես հիմա ուզում եմ իմանալ՝ եթե ես չեմ մասնակցել, ինչի՞ համար է գրվել իմ զինգրքույկում, որ ես մասնակցել եմ, հետո դա անվավեր է ճանաչվել: Դա է ինձ հետաքրքիր», - հավելեց մյուսը:
Զորացրված զինվորններից մի քանիսը, ովքեր նույն խնդրի առաջ են կանգնել, խուսափեցին տեսախցիկից, սակայն համոզված են՝ իրենց նման շատերը կան։ Անգամ այնպիսի զինվորներ, ովքեր մարտական գործողությունների կիզակետում են եղել և վիրավորվել, իսկ հետո զորացրվել են առանց զինգրքույկում որևէ հավաստման, որ մասնակցել են պատերազմին։
Երևանի զինկոմիսարիատներից մեկի մոտ մեզ հանդիպած զինվորներից մեկն էլ ցույց տվեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից ստացած Մարշալ Բաղրամյանի մեդալը։ Զինգրքույկում, սակայն, սպիտակ ներկով ջնջված էր պատերազմին մասնակցելու մասին գրառումը։
Արդեն զորացրված զինվորները և նրանց ծնողները համոզված են՝ այդ ամենը արվում է պատերազմի մասնակիցներին ուսման վարձի զեղչերից և այլ արտոնություններից զրկելու համար։
Ավելի վաղ Կրթության և գիտության նախարարությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ 50 տոկոս և ավելի զեղչ կստանան այն զորացրված զինվորները, որոնց գրքույկներում գրված կլինի՝ ապրիլի 2-5-ը մասնակցել է հայրենիքի պաշտպանության ռազմական գործողություններին:
Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այս հարցով պարզաբանում պետք է ներկայացնի Ղարաբաղի Պաշտպանության բանակը: Այնտեղից, սակայն, «Ազատությանը» հայտնեցին, որ հարցին արդեն անդրադարձել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը վերջերս կայացած ասուլիսում ընդամենը ասել էր, որ հարցը կուսումնասիրեն, իսկ արդեն նշված գրառումը ջնջելուն նախարարը չէր անդրադարձել:
«Այժմ գնում է համակարգային ուսումնասիրություն, թե որտեղ է այդ խնդիրը, ինչ ծավալով է, որովհետև մի կողմից թվում է, որ ամեն ինչ պարզ է՝ մարդը ասում է, որ մասնակցել է՝ իրեն չեն գրել, մյուս կողմից՝ այնքան էլ պարզ չէ, որովհետև երբ քառօրյա պատերազմը ավարտվել է, բոլորը ուզում են, որ գրքույկում գրված լինի անպայման, որ իրենք մարտական գործողություններին մասնակից են, որովհետև դա մի շարք արտոնություններ է տալիս», - նշել էր նախարարը՝ հավելելով․ - «Այսինքն, մենք պետք է շատ կոռեկտ լինենք, հայտնաբերելով յուրաքանչյուր դեպքը, երբ մարդու իրավունքն է խախտված՝ զինծառայողը, որ ծառայել է, բայց չի նշվել, մյուս կողմից՝ բացառելով ուղղակի լավության կարգով շռայլ բաժանելը այդ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի: Դա կարող է վատ արդյունքներ ունենալ իրական մասնակիցներին սոցիալական աջակցության ծրագրերի ծավալի առումով»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի փոխանցմամբ՝ զինգրքույկներում փոփոխություններ անելու ողջ պատասխանատվությունը կրում է զորամասի հրամանատարը։ Իրավապաշտպանն ասաց, որ իր ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ևս այս հարցով մի քանի հոգի դիմել է:
«Ուղղակի մենք որոշեցինք հարցում ուղարկել, հասկանալու համար, թե ինչի հիման վրա են այդ ջնջումները արել և ով է այդ հրահանգը տվել: Պաշտոնական արձագանք ստանանք՝ նոր ներկայացնենք», - նշեց Սաքունցը: