Հունվարի 20-ին Վաշինգտոնում զանգվածային անկարգությունները լուսաբանող երեք լրագրողներին՝ Ռուսաստանի ֆինանսավորմամբ գործող RT-ից Ալեքսանդր Ռուբինշտեյնին, վավերագրող Ջոն Քելլերին և անկախ լրագրող Մաթ Հոփարդին ներկայացված մեղադրանքները հանվել են:
Երկու այլ լրագրողների՝ ազատ լրագրող Աարոն Քանթուին և անկախ լրագրող Շեյ Հորսին ներկայացված մեղադրանքները մնում են ուժի մեջ, մեղավոր ճանաչվելու դեպքում նրանք կարող են մինչև 10 տարվա ազատազրկման դատապարտվել:
Ավելի վաղ՝ հունվարի 27-ին հանվել էին լրագրող Իվեն Էնգելին ներկայացված մեղադրանքները:
Հունվարի 20-ին՝ նախագահ Դոնալդ Թրամփի ինագուրացիայի օրը ԱՄՆ մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ 230 մարդ էր ձերբակալվել:
RT-ի մամուլի ծառայությունը Ռուբինշտեյնի ձերբակալությունը որակել էր «լրագրողական անկախության աղաղակող խախտում»:
Հունվարի 24-ին ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունիա Միյատովիչը «մտահոգություն» էր հայտնել ԱՄՆ-ում լրագրողների ձերբակալությունների կապակցությամբ: