Մատչելիության հղումներ

Իոաննիսյան. 500 տեղամաս թվանկարչության առումով խոցելի է դառնում


Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանի, ընտրությունների ժամանակ «տեսախցիկները պետք է կանխարգելեին թվանկարչությունը», բայց եթե դրանք 2000 տեղամասի փոխարեն 1500 տեղամասում են դրվելու, 500 տեղամաս այս առումով բավականին խոցելի է դառնում։

Նշենք, որ ապրիլի 2-ի ընտրություններին ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումն ու տեսանկարահանումը ապահովվելու է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։ Այս հարցով ստեղծված ընդդիմադիրների և իշխանության ներկայացուցիչների հանձնաժողովը որոշել է, բավարարվելով եղած ֆինանսական միջոցներով, նկարահանում ապահովել ոչ թե բոլոր շուրջ 2000, այլ առնվազն 1500 ընտրատեղամասերում։

«Տեսախցիկն ի սկզբանե նախատեսում էր, որ պետք է ձայն ունենար, ավելին՝ տեսախցիկի որակը պետք է այնպիսին լիներ, որ այդ քվեաթերթիկը, որ հանձնաժողովի նախագահը հանում էր, երևար, թե ինչ քվեաթերթիկ է, առավել ևս դա ավելի հեշտ է լինելու տեսնել, որովհետև պետք է լիներ ոչ թե V-աձև նշանի տեղը տարանջատել, այլ ինքնին քվեաթերթիկի վրա մեծ գրված կուսակցության անվանումը, կամ դաշինքի, որովհետև արդեն ամեն կուսակցություն իր քվեաթերթիկն է ունենալու։ Այս մասով տեսախցիկները պետք է որ կանխարգելեին թվանկարչությունը, ձայնագրությունը, բայց եթե մենք գնում ենք նահանջի և ոչ թե բոլոր 2000 տեղամասերում են լինելու տեսախցիկներ, այլ 1500 տեղամասերում, ապա դա նշանակում է, որ 500 տեղամաս այս առումով բավականին խոցելի է դառնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իոաննիսյանը։

Ըստ քաղհասարակության ներկայացուցչի, քվեարկության մասնակիցների քանակի արհեստական աճի հետ կապված մեխանիզմներ կան, որոնք, այնուամենայնիվ, կանխարգելիչ դեր կունենան․ - «Եթե փորձենք ընտրակեղծիքները բաժանել ըստ հիմնական դասերի՝ խոսքը ընտրական տեղամասի ներսում տեղի ունեցող կեղծիքներն են՝ չկապված վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի և այլնի հետ, այն, ինչ որ տեղի է ունենում տեղամասի ներսում, և ինչը, օրինակ, դիտորդները կամ վստահված անձինք պետք է կանխարգելեն, դրանք բաժանվում էին երկու խմբի՝ ընտրողների թվաքանակի, մասնակիցների թվաքանակի աճ, որն արտահայտվում էր կրկնաքվեարկություններով, լցոնումներով և այլն, և թվանկարչությամբ, երբ վերջում ուղղակի ասում էին՝ «չէ, այս տրցակը՝ ընդդիմադիր կուսակցության տրցակը շատ մեծ է, բերեք էս տրցակի կեսը դնենք իշխանական կուսակցության, կամ «ոչ»-ի տրցակից դնենք «այո»-ի տրցակի վրա և այլն` ձայնագողություն, թվանկարչություն, ոնց ուզում եք անվանեք։ Քվեարկության մասնակիցների քանակի արհեստական աճի հետ կապված ինչ-որ մեխանիզմներ կան, որոնք, իմ կարծիքով, այնուամենայնիվ կունենան կանխարգելիչ դեր՝ ցուցակների հրապարակումն է, էլեկտրոնային գրանցման սարքավորումներն են և այլն, բայց թվանկարչության մասով, ըստ էության, գրեթե ոչինչ չէր փոխվել, միակ մեխանիզմը, որ պետք է կանխարգելեր թվանկարչությունը, դա տեսախցիկներն էին»։

Հարցին, թե գործնականում ո՞նց էր կանխարգելելու, Իոաննիսյանը պատասխանեց. - «Պատկերացրեք՝ հանձնաժողովի նախագահը, ով տեսախցիկի առջև բարձրացրել է ինչ-որ ընդդիմադիր կուսակցության, ենթադրենք՝ Կոմունիստական կուսակցության 500 քվեաթերթիկ, և հետո արձանագրության մեջ կգրի, որ 500 չէր՝ 50 էր։ Դա շատ ուժեղ կանխարգելիչ է, դա ապացույց է, որ այնտեղ հանցագործություն է տեղի ունեցել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG