Ճապոնիայում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պաշտոնական պատվիրակությունը երկուշաբթի օրը հանդիպել է այդ երկրի վարչապետ Շինձո Աբեի հետ:
Ըստ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության, հանդիպման ընթացքում Ճապոնիայի վարչապետը գոհունակությամբ փաստել է, որ հայ-ճապոնական խորհրդարանական փոխգործակցությունը վերջին տարիներին զարգացման կարևոր փուլ է թևակոխել, ինչն իր դրական ազդեցությունն ունի երկու երկրների համագործակցության վրա:
Սահակյանը հույս է հայտնել, որ հայ-ճապոնական արդյունավետ համագործակցությունը կխորանա նաև միջազգային բազմակողմ հարթակներում:
Գալուստ Սահակյանը Շինձո Աբեին է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստան այցի պաշտոնական հրավերը: Ճապոնիայի վարչապետն իր ջերմ ողջույններն է փոխանցել Հայաստանի նախագահին և նշել, որ երկու երկրների համագործակցությունն այժմ գտնվում է բարձր մակարդակում: Վարչապետ Շինձո Աբեն նշել է, որ պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ առավել խորացնել և զարգացնել համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում:
Գալուստ Սահակյանն ու Շինձո Աբեն քննարկել են նաև տնտեսության, առևտրի, մշակույթի և տուրիզմի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշել այլ ոլորտներում համագործակցության հնարավոր ուղիները: