Մատչելիության հղումներ

Իշինգեր. Թրամփը դեռ կհիասթափվի Ռուսաստանից


Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգեր, Մյունխեն, 6-ը փետրվարի, 2015թ.
Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգեր, Մյունխեն, 6-ը փետրվարի, 2015թ.

Մյունխենի անվտանգության տարեկան խորհրդաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը Focus հանդեսին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Ամերիկայի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը տեսանելի ապագայում կփոխի վերաբերմունքը ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության նկատմամբ:

«Նա շատ արագ կհասկանա, որ ՆԱՏՕ-ն նախևառաջ Ամերիկայի շահերին է ծառայում, այլ ոչ թե միայն զբաղված է, իբրև թե, կարիքի մեջ գտնվող անդամներին օգնելով: Բացի այդ, նա կհասկանա, որ ամերիկացիների միակ հուսալի դաշնակիցները եվրոպացիներն են», - ասել է Իշինգերը և ավելացրել. - «Թրամփն արդեն հասցրել է գժտվել Չինաստանի հետ, իսկ առաջիկայում դեռ կհիասթափվի Ռուսաստանից»:

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի նախագահն անդրադարձել է նաև Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման հարցին:

«Պատժամիջոցները սահմանափակ արդյունք են ապահովում, դրանք սահմանել ենք, քանի որ ավելի արժեքավոր գաղափար մեր գլխով չէր անցել: Եթե Թրամփը Պուտինին համոզի հեռանալ Ուկրաինայի արևելքից, ինչը կընձեռի մինսկյան պայմանավորվածությունները կատարելու հնարավորություն, ապա պատժամիջոցները կարելի կլինի անմիջապես չեղարկել», - ասել է Իշինգերը:

Մինչդեռ, Կրեմլում բացառում են պատժամիջոցների չեղարկման դիմաց որևէ գործարք Ամերիկայի հետ: Համենայն դեպս, այդ է Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցից առաջ պնդել Ռուսաստանի ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Հիմա վաղ է խոսել ինչ-ինչ գործարքների մասին, նախ պետք է հստակեցնել երկու նախագահների հանդիպման ժամկետն ու վայրը», - ասել է Պեսկովը:

Հասարակական կարծիքի հետազոտման «Լևադա» կենտրոնը հրապարակել է զեկույց, որի համաձայն, Ռուսաստանի քաղաքացիների 41 տոկոսի համոզմամբ, իրենց երկիրը հիմա հավասարի իրավունքով տեղ է գրավել մոլորակի առավել ազդեցիկ տերությունների խմբում:

37 տոկոսն այդպես չի մտածում՝ նշելով, որ Ռուսաստանը առաջատար երկրներից հետ է մնում տնտեսական զարգացման առումով:

Հարցվածների մեծ մասը՝ 39 տոկոսը, համոզված է, որ առաջատար երկրներում Ռուսաստանը համարում են մրցակից, 30 տոկոսի կարծիքով՝ Ռուսաստանը թշնամի են համարում, և միայն 16 տոկոսի համոզմամբ՝ այդ երկրներում Ռուսաստանին վերաբերվում են որպես գործընկերոջ:

Հարցվածների 67 տոկոսի կարծիքով՝ Ռուսաստանը, ի հեճուկս պատժամիջոցների, պետք է շարունակի այսօրվա քաղաքականությունը, 62 տոկոսն էլ համարում է, որ անհրաժեշտ է մերվել պատժամիջոցներից բխող սահմանափակումների և դժվարությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG