Մատչելիության հղումներ

«Աստված կամեցավ», որ Վարդան Ղուկասյանն ընդգրկվի «Ծառուկյան դաշինքում»


Վարդան Ղուկասյան, արխիվ
Վարդան Ղուկասյան, արխիվ

Գյումրիի նախկին քաղաքապետն արդեն հանդիպել է «քաղաքականության էջը վերաբացած»՝ ԲՀԿ նախկին առաջնորդին և այժմ պնդում է՝ Ծառուկյանի հետ շատ ընդհանրություններ ունեն։

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինքի» կազմում: «Ազատության» հետ զրույցում հանրապետության երկրորդ քաղաքի նախկին ղեկավարը, ով դեռ 5 տարի առաջ է ՀՀԿ-ից դուրս գալու դիմում ներկայացրել, նշեց՝ իր այդ որոշումը վերջնական է։

«Այո, որոշել եմ առաջադրվել «Ծառուկյան դաշինքով»։ Ես զգում եմ, որ հլը շատ գործ կարող եմ անել իմ հայրենիքում, իմ քաղաքին, իմ ժողովրդին, իմ հայրենիքին․․․ և շատ-շատերից առավել»,- ասաց Ղուկասյանը:

Նա արդեն հանդիպել է «քաղաքականության էջը վերաբացած»՝ ԲՀԿ նախկին առաջնորդին և այժմ պնդում է՝ Ծառուկյանի հետ շատ ընդհանրություններ ունեն։ Գյումրիի նախկին քաղաքապետը հավելում է՝ հայտնի գործարարի հետ քաղաքական պայքարի գնալու որոշումը պատահականորեն չի կայացրել:

«Աստված էդպես կամեցավ, հետո ոնց որ մենք նմանություններ ունենք եկեղեցաշինությամբ, խիղճը չկորցնելով, հասկանալի է՝ ողորմած լինելով։ Էդ հարաբերություններն ինձ շատ են դուր գալիս, էդ ապրելակերպը»,- շարունակում է Գյումրիի նախկին քաղաքապետը:

Հայաստանի երկրորդ քաղաքը շուրջ 13 տարի ղեկավարած Վարդան Ղուկասյանը, հիշեցնենք, պաշտոնավարման ավարտից մեկ ամիս առաջ՝ 2012 թ․ հոկտեմբերին, հրաժարական ներկայացրեց, պաշտոնը փոխանցելով Գյումրիի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տարած՝ նախկին ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին։ Կարժ ժամանակ անց նոր քաղաքապետը հայտարարեց իր նախորդի կողմից թույլ տրված շռայլությունների մասին։ Վարդան Ղուկասյանը հեռացավ նաև իշխող Հանրապետականից։ «Ազատության» հետ զրույցում Ղուկասյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի միայն ռեյտինգային ցուցակով:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի կարծիքով, ընդդիմությունը Շիրակի մարզում հաղթելու լուրջ շանսեր ունի, և դրանում մեծ դերակատարություն կարող է ունենալ հենց Վարդան Ղուկասյանը։ Իրավապաշտպանը նկատում է՝ Վարդան Ղուկասյանը քաղաքապետի պաշտոնը թողեց 2012 թվականին Գյումրիում հանրապետականների հաղթանակըչապահովելուց հետո և հիմա, ըստ Բարսեղյանի, նախկին քաղաքապետն ընտվելու առումով անձնական շահագրգռվածություն ունի։

Նոր ընտրական օրենսգրով Գյումրին ներառվել է Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում։ Ավելի քան 230 հազար ընտրող ունեցող մարզում Ղուկասյանը հաղթելու իր շանսերը շատ բարձր է գնահատում, իր բնութագրմամբ՝ «Շատ հզոր․․․»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG