Ֆրանսիայում առաջիկա գարնանը անցկացվելիք նախագահական ընտրություններում Սոցիալիստական կուսակցության թեկնածուն կլինի Բենուա Ամոնը:
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ, Ամոնը ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլում առավելության է հասել երկրի նախկին վարչապետ Մանյուել Վալսի նկատմամբ՝ ստանալով ձայների 58․72 տոկոսը:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի գործող նախագահ, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը անցած տարեվերջին հայտարարեց, որ չի առաջադրվելու նախագահական ընտրություններում: Այդ հայտարարությունից հետո ենթադրվում էր, որ Սոցիալիստական կուսակցության թեկնածուն կարող է դառնալ Մանյուել Վալսը:
49-ամյա Բենուա Ամոնը, ով նախկինում եղել է Ֆրանսիայի կրթության նախարար, դեռ մի քանի շաբաթ առաջ սոցիալիստների ներկուսակցական ընտրություններում վերջնապահ էր համարվում:
Հիշեցնենք՝ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն կլինի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Ազգային ճակատի թեկնածուն՝ Մարին Լը Պենը: