Երևանում գործող Գրականության և արվեստի թանգարանը մի շարք մասնաճյուղեր ունի թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում։
Ամերիկահայ բարերար, մասնագիտությամբ երաժիշտ Աշոտ Տիգրանյանը 8 միլիոն դրամ է նվիրել Դսեղում գտնվող մասնաճյուղին՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին՝ այնտեղ երեք ծրագիր իրականացնելու համար։
«Նախ բակը փոքր է, այնպես պետք է լինի, որ գարնանը մենք ծառատունկ պետք է անենք, կանաչ մասը պետք է պահպանենք, աջ կողմում մի գծով պետք է լինի տաղավար՝ հուշանվերների, գրքերի, գրավաճառ կետ, որտեղ նաև հուշանվերներ կվաճառվեն, հարևանությամբ՝ փոքրիկ տաղավար, սրճարան՝ այցելուներին ջուր, սուրճ մատուցելու համար, և այգու ծայրին՝ սանհանգույց։ Երեք բան պետք է կառուցվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:
Անդրադառնալով տուն-թանգարանի շենքային պայմաններին, Վարդանյանն ասաց, որ այն հիմնանորոգման կարիք ունի։ «Ցավոք, շենքը հիմնանորոգման խնդիր ունի, հիմնականում փայտաշեն է ամբողջ երկրորդ հարկը, առաջին հարկն էլ` 300-ամյա վաղեմությամբ կրով, ծեփով, շաղախով սարքած», - ասաց Գրականության և արվեստի թանգարանի տնօրենը։
Նրա խոսքով, շենքը վերջին անգամ վերանորոգվել է 50 տարի առաջ՝ 1969-թվականին։ «Հիմա արդեն հիմնանորոգման լուրջ խնդիր կա։ 50 տարի է անցել։ Ես ուզում եմ կոչ անել մեր հովանավորներին, գործարարներին՝ սա առավել պատվաբեր հովանավորչություն կլինի, որովհետև ամեն գործարար պետք է երազի իր անունը կապել Թումանյանի անվան հետ», - ասաց Վարդանյանը։
Աշոտ Տիգրանյանի խոսքով՝ իր համար պատիվ է աջակցել թանգարանի ծրագրերի իրականացմանը, կամ ֆինանսավորել թանգարանի համար անհրաժեշտ այս ենթակառույցների ստեղծման աշխատանքները:
«Ազատության» հետ զրույցում Տիգրանյանն ասաց, որ 30 տարուց ավելի ապրում է Միացյալ Նահանգներում, և այստեղ վերջերս՝ անցյալ տարեվերջին, հիմնել է Աշոտ Տիգրանյան մշակութային հիմնադրամը, որի շնորհիվ կֆինանսավորի Դսեղում Թումանյանի տուն-թանգարանում այդ երեք ծրագրերի իրականացմանը։ «Այդ 8 միլիոնը ներդրում եմ նրա համար, որպեսզի այդ հանճարեղ մարդու՝ Հովհաննես Թումանյանի թանգարան այցելությունը լինի շատ հաճախ, և այցելությունից հետո մարդիկ ունենան հարմարություններ», - նշեց Տիգրանյանը։