Մատչելիության հղումներ

Վրաստանը բացահայտել է «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագրի որոշ դրույթներ


Վրացական կառավարությունը ընդդիմության ճնշման ներքո աստիճանաբար սկսում է բացահայտել «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագրի որոշ դրույթներ, ինչպես նաև ռուսական կողմի հետ բանակցությունների որոշ մանրամասներ:

Վրաստանի էներգետիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների պնդմամբ, բանակցությունների ընթացքում «Գազպրոմ»-ը պաշտոնական Թբիլիսիին զգուշացրել է, որ եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ տարանցիկ վճարումների հարցի շուրջ, ապա Վրաստանի տարածքով դեպի Հայաստան գազի մատակարարումները կարող են ամբողջությամբ դադարեցվել:

Պարզվում է, որ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հետ սկզբում Միլանում, ապա՝ Մինսկում կայացած բանակցությունների ընթացքում «Գազպրոմ»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ եթե Թբիլիսին չհամաձայնի գազի դիմաց վճարումների՝ Մոսկվայի առաջարկած բանաձևի կիրառմանը, ապա հայաստանցի սպառողներին ռուսական գազի փոխարեն իրանական գազ կմատակարարվի:

«Իրանից Հայաստան գազի մատակարարման ենթակառուցվածքն այսօր գոյություն ունի, և այդ խողովակաշարի տարողունակությունը բավարար է Հայաստանի ներքին սպառման ծավալները փակելու համար: Ռուսաստանը դա կարող է անել, անգամ եթե դա հանգեցնի ֆինանսական կորուստների: Ի վերջո, մենք պետք է ըմբռնենք, որ որոշումների կայացման առումով «Գազպրոմ»-ն առաջնորդվում է ոչ այնքան առևտրային, որքան քաղաքական գործոններով: Ռուսաստանը միշտ էլ համալիր դրդապատճառներ ունի», - «Ազատության» վրացական ծառայությանը տված հարցազրույցում նշում էր Վրաստանի էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Մարիամ Վալիշվիլին:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական խմբակցության առանցքային անդամներից մեկը` Գեորգի Վոլսկին, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարում էր, որ ռուսական կողմի ներկայացրած պահանջներին ընդդիմանալը շատ դժվար էր:

«Այդ դեպքում մենք կխաթարեինք վստահելի տարանցիկ պետության մեր համբավը, կխաթարեինք նաև Հայաստանի հետ հարաբերությունները: Իսկ տարանցիկ մատակարարումների դադարեցման դեպքում մենք պարզապես ստիպված կլինեինք կտրատել Հայաստան գնացող խողովակաշարը և վաճառել այն որպես մետաղի ջարդոն», - նշում էր Վոլսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG