Նյու Յորքի դաշնային դատարանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել ԱՄՆ-ի մուտքի վիզա ունեցողների կամ փախստականների արտաքսումը, ովքեր անելանելի դրության մեջ են հայտնվել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ մի շարք մահմեդական երկրների քաղաքացիների ներգաղթն արգելելու մասին որոշումից հետո:
Դատավոր Էն Դոնելլին արգելել է սահմանապահներին հետ ուղարկել այն մարդկանց, ովքեր ԱՄՆ են ժամանել վավեր վիզաներով, փախստականների հաստատված դիմումներով և «այլ անհատների ․․․ ովքեր օրենքով իրավունք են ստացել մուտք գործել Միացյալ Նահանգներ»:
Այս որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ Ամերիկայի քաղաքացիական ազատությունների միությունը (American Civil Liberties Union) Նյու Յորքի օդանավակայանում պահված երկու իրաքցիների անունից հայց ներկայացրեց դատարան:Միության պնդմամբ, դատարանի այս որոշումը կտարածվի մինչև 200 մարդկանց վրա, ովքեր այժմ պահվում են Նահանգների օդանավակայաններում: Սակայն այսօր ավելի վաղ Ազգային անվտանգության վարչությունը հայտարարել էր, որ այս որոշումը, ընդհանուր առմամբ, չի ազդի Թարմփի որոշման իրականացման վրա: