Մատչելիության հղումներ

Թրամփը հակաիմիգրացիոն հրամաններ է արձակել՝ արգելելով սիրիացիների և մահմեդականների մուտքը ԱՄՆ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է անորոշ ժամանակով արգելել սիրիացի փախստականների մուտքը Միացյալ Նահանգներ, ինչպես նաև կասեցնել մի շարք մահմեդական երկրների քաղաքացիների այցելությունները ԱՄՆ։

Խոստանալով պաշտպանել երկիրը «օտարերկրյա ահաբեկիչներից»՝ Թրամփը հրամայել է 90 օրով կասեցնել ներգաղթը հիմնականում մահմեդական բնակչություն ունեցող յոթ երկրներից, մինչև ներգաղթողների «մանրազնին ստուգման» մեխանիզմների ստեղծումը։ Վերոհիշյալ յոթ երկրների թվում են Սիրիան, Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը և Եմենը։

ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ բացառություն է սահմանել Սիրիայի քրիստոնյաների համար, ովքեր, Թրամփի խոսքով, հետապնդումների են ենթարկվում իրենց հայրենիքում։

«Մենք ցանկանում ենք ընդունել միայն այն մարդկանց, ովքեր աջակցում են մեր երկրին և սիրում են մեր ժողովրդին», - հայտարարել է Թրամփը։

Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են ԱՄՆ նախագահի նախաձեռնած քայլերը, պնդելով, որ դրանք խտրականություն են պարունակում կոնկրետ կրոնի նկատմամբ և հակասում են ԱՄՆ Սահմանադրությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG