Հանրապետականի խորհրդի նիստին Սերժ Սարգսյանի ելույթը, մասնավորապես՝ մայր գետի ու դրա առվակների մասին առակը առաջին հերթին ուղղված էր իշխող ակումբի անդամներին, ասում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը, ինչից հետո ելույթի հասցեատերերից արդեն նախկին հանրապետական Հովիկ Աբրահամյանը շտապեց արձագանքել. - «Ընդամենը ի՞նչ է կատարվել՝ անհասկանալի մի բան հենց այդ ակումբի անդամների համար: Նրանք ուղղակի չհասկացան ինչ է կատարվում, այդ ի՞նչ նոր գետ է»:
Ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում վերադասավորումներից ու արագ տեղի ունեցող փոփոխություններից շփոթված կուսակիցների համար Սարգսյանը հստակեցրեց խաղի կանոնները՝ մայր գետից պոկվող առվակները կչորանան, հավելում է վերլուծաբանը․ - «Կա՛մ ենթարկվում եք այդ նոր դիսցիպլինային, որը գոյություն ունի, կա՛մ դուք չորանալու եք: Պարզ ասված է՝ մոտավորապես Դոն Կառլեոնե, և այլն՝ նրանք էին այդպես խոսում: Պարզ է ինչ է ասված՝ ոչ մի բան ասված չէ, բայց բոլորին պարզ է»:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը հավելում է՝ Սերժ Սարգսյանը միևնույն ժամանակ շտապեց հանգստացնել վերջին շաբաթների ընթացքում անորոշության մեջ հայտնված կուսակիցներին, որ չնայած ստեղծվող դաշինքներին ու հնարավոր լուրջ մրցապայքարին, միևնույնն է՝ մայր գետը մնալու է Հանրապետականը։
«Այս վերջին զարգացումները, մեկը՝ որ Ծառուկյանը մտնում է քաղաքականություն, մեկը՝ որ պաշտպանության նախկին նախարարը նույնպես առանձին դաշինքով է հանդես գալիս, բնականաբար անհանգստություն է առաջացնում Հանրապետականների մոտ, և Սերժ Սարգսյանը պետք է ցույց տա, որ ինքը տիրապետում է իրավիճակին, ինչպես առաջ», - ասում է քաղաքագետը:
Ըստ Դանիելյանի՝ մեկ այլ հարց ևս անորոշ էր հանրապետականների համար, որոնք փորձում են կողմնորոշվել՝ մնալ իշխող ուժի շարքերում, թե այլ դաշինքի ցուցակով հայտնվել խորհրդարանում. արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր կամքով է վերադառնում քաղաքականություն, թե՞ նախագահ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ։ Երեկ ելույթի ընթացքում գործարար Ծառուկյանին Սերժ Սարգսյանն անդրադարձավ հակիրճ նշելով, որ չի ողջունում նրա վերադարձը քաղաքական դաշտ․ - «Երբ Սերժ Սարգսյանի ջանքերով Գագիկ Ծառուկյանը լքեց քաղաքականությունը, բնականաբար հարց է առաջանում՝ արդյոք վերադառնալը իր հրահանգով է եղել, թե ոչ: Սերժ Սարգսյանը, կարծես թե իրենց ուղղված, ասում է, որ դա ինքը չի կազմակերպել: Այսինքն, պետք է ենթադրել, որ Հանրապետականների մոտ կասկած է առաջացել, որ այստեղ ինչ-որ բան է կատարվում, որը իրենց համար անհասկանալի է»:
Մանվել Սարգսյանի խոսքով, եթե երկու տարի առաջ ընդվզում լիներ նախագահ Սարգսյանի դեմ, թե վերջինս չպետք է որոշի ով մնա քաղաքական դաշտում և ով լքի այն, ապա այսօր էլ Հանրապետականի ղեկավարը իրեն թույլ չէր տա կարծիք հայտնել Ծառուկյանի վերադարձի մասին․ - «Բայց այդ ամեն ինչը սպասվող է, Հանրության ինչ-որ հատված էլ ուզում է տեսնի՝ իսկ Ծառուկյանը առանձի՞ն գնաց, թե՞ ոչ: Երբ այդ հարցադրումը ներքուստ գոյություն ունի հանրության մեջ, այդպես էլ ասվում է՝ չէ, բա գիտե՞ք, ես չեմ՝ ինքն ա»:
Երեկ իր ելույթում նախագահ Սարգսյանը նշեց, որ ընտրություններին ընդառաջ դաշինքների կազմավորման գործընթացը ողջունելի է՝ հիշեցնելով, որ սահմանադրական փոփոխությունների ընթացքում իրենք խոստացել էին, որ տեղի կունենա քաղաքական ինստիտուտների խոշորացում, կձևավորվեն դաշինքներ ու կստեղծվի ավելի կայուն և արդյունավետ քաղաքական դաշտ:
Վերլուծաբան Մանվել Սարգսյանը վստահ է՝ դաշինքների ստեղծումը, ոչ թե քաղաքական դաշտի առողջացման, այլ պարզապես առանձին կուսակցությունների սպառման հետևանք է: Ստեփան Դանիելյանը մինչդեռ այս հարցում համաձայն է Սերժ Սարգսյանի հետ. - «80-ից ավել կուսակցություններ կան, որոնք իրականում կուսակցություններ էլ չեն: Եվ իրոք այս կուսակցությունների մասին նոր օրենքում պետք էր այնպիսի մեխանիզմներ ամրագրել, որպեսզի կուսակցությունները լինեին քիչ և նրանց վրա դրվեին շատ խիստ պարտավորություններ: Դա չարվեց, բայց, համենայնդեպս, կյանքը բերեց նրան, որ կուսակցությունները պետք է խոշորանան կամ դաշինքներով միավորվեն»: