Պաշտպանության նախարար, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նորընտիր անդամ Վիգեն Սարգսյանի խոսքով՝ «մեծ ինտրիգ չկա», թե ով կգլխավորի Հանրապետականի նախընտրական ցուցակը:
Սարգսյանն այսօր հանդիպել էր լրագրողներին՝ ամփոփելու իր պաշտոնավարման առաջին հարյուր օրը: Լրագրողների հարցին, թե ի՞նքն է գլխավորելու ՀՀԿ նախընտրական ցուցակը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. - «Ես նման եմ մի մարդու, որ կարող է իր կուսակցությունից առաջ ընկնել ցուցակը հրապարակելու առումով։ Իհարկե կլինի պահը և Հանրապետական կուսակցությունը կհրապարակի ցուցակը, և այնտեղ որևէ մեծ ինտրիգ, կարծում եմ, չկա այս պահին»։
Պաշտպանության նախարարն ասաց, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին կմասնակցի կուսակցության որոշած ծավալով։ Սարգսյանը միաժամանակ վստահեցրեց, որ որևէ օրենք չի խախտվելու:
Երկու շաբաթ առաջ, լրագրողների հետ հանդիպմանը, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ եթե հնարավորություն չունենա, 2018 թվականից հետո վարչապետ չի լինի:
Ըստ նոր Սահմանադրության, 2018 թվականի ապրիլից հետո վարչապետը պետք է ոչ միայն լինի Հայաստանի քաղաքացի, այլև վերջին չորս տարում մշտապես բնակված լինի հանրապետությունում: Առայժ հստակ չէ, թե ռուսաստանյան մոնոպոլիստի՝ «Գազպրոմ»-ի համար տարիներով աշխատած և Մոսկվայում ապրած Կարեն Կարապետյանը բավարարում է արդյո՞ք նշված պահանջին:
Ըստ լրատվամիջոցների, չի բացառվում, որ 2018-ի ապրիլից հետո վարչապետի աթոռը զբաղեցնի Վիգեն Սարգսյանը:
Այսօր խնդրեցինք նախարարին արձագանքել, ինչպես նաև հարցրեցինք՝ հնարավո՞ր է, որ այս խորհրդարանական ընտրություններից առաջ գլխավորի ՀՀԿ նախընտրական շտաբը. - «Համարում եմ պաշտպանության նախարարի աշխատանքն այս երկրում ամենահետաքրքիր, պատասխանատու և կարևոր աշխատանքներից մեկը։ Ես չեմ համարում, որ պետք է որևէ աշխատանք համադրել այլ աշխատանքի հետ՝ իր ցանկալիության և այլնի առումով, բայց ես ունեմ մեկ երազանք հիմա, որ առաջիկա ընտրություններում մենք կարողանանք ապահովվել այնպիսի արդյունք, որը թույլ կտա ինձ առաջիկա տարիներին շարունակել աշխատել պաշտպանության նախարարությունում, որովհետև ես այստեղ տեսնում եմ շատ մեծ անելիքներ, ես իրոք մեծ հույս ունեմ, որ ժամանակ կունենամ իրականացնել այդ անելիքները, իմ խորը համոզմամբ այսօր այստեղ պետք է պլանավորել երկար տարիների աշխատանք»։
Ռուսաստանյան սպառազինությունը չի լրացնում ժամանակակից զինտեխնիկայի կարիքը
Ըստ Վիգեն Սարգսյանի, Ռուսաստանից ստացվող սպառազինությունը չի լրացնում ժամանակակից զինտեխնիկայի կարիքը, որն առկա է հայկական Զինված ուժերում: Նախարարն ասաց, որ այդ պատճառով Հայաստանը բանակցություններ է վարում այլ երկրների հետ նույնպես, որտեղից արդեն իսկ կան մատակարարումներ:
«Իրականում այն, ինչ մենք ստանում ենք Ռուսաստանից նաև մեր փոխգործակցության տարբեր ծրագրերով, ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր փոխգործակցության հիման վրա, չի կարող լրացնել այն գերժամանակակից սպառազինությունների կարիքը, որ մեր Զինված ուժերն ունեն, և, հետևաբար, մենք փնտրում ենք բոլոր հնարավորություններն ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ այլ գործընկեր երկրների հետ՝ համալրելու մեր Զինված ուժերն անհրաժեշտ սպառազինություններով», - ասաց նախարարը։
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք Հայաստանը բանակցություններ է վարում նաև արևմտյան երկրների հետ՝ գերժամանակակից սպառազինության ձեռքբերման նպատակով, և կա՞ն մատակարարումներ, պաշտպանության նախարարը դրական պատասխան տվեց, սակայն, չհրապարակեց որևէ երկրի անվանում կամ սպառազինության տեսակ:
«Ես շատ բան իհարկե չեմ կարող ասել, որովհետև ցանկացած նման բանակցությունները վարվում են գաղտնի, մի բան է պետք հաշվի առնել, որ նախ, երբ խոսում ենք գերժամանակակից զենքից, զինատեսակներից, մեր ռուսաստանյան գործընկերն այսօր համարվում է բոլոր միջազգային չափանիշներով մրցունակ և շատ ժամանակակից զինատեսակներ արտադրող, մենք շարունակում ենք իրենց հետ գտնել այն զինատեսակները իրենց արտադրության, որոնք մեզ պետք են և ունենք մեծ առավելություն, որպես ՀԱՊԿ անդամ երկիր ունենք ներքին գներով ձեռքբերումներ կազմակերպելու հնարավորություն։ Իսկ ինչպես հասկանում եք, դա հսկայական տարբերություն կարող է տալ միջազգային շուկայի հետ։ Բայց մենք շարունակում ենք երկխոսությունը բոլոր հնարավոր գործընկերների հետ և ունենք արդյունքներ և ունենք մատակարարումներ անգամ», - ասաց նախարարը։
Ռուսական 200 միլիոն վարկի սպառազինության մի մասը Հայաստանում է
Վիգեն Սարգսյանն այսօր ևս մեկ ուշագրավ հայտարարություն արեց՝ Հայաստանն արդեն ստացել է ռուսական 200 միլիոն դոլար վարկով նախատեսված սպառազինության մի մասը:
«200 միլիոնի հետ կապված չեմ կարող բացել ցանկը, որովհետև այն հույժ գատնի է, և կարող է ուղղակիորեն օրենք խախտած լինեմ, բայց կարող եմ ասել, որ մի մասը, ինչ նախատեսված էր 200 միլիոնով, դրա մի մասն արդեն գտնվում է Հայաստանում, արդեն մատակարարված է Զինված ուժերին և դրված է ծառայության։ Մնացած պայմանագրերն ընթանում են ըստ մեր կնքած ժամանակացույցերի, և մենք շատ հետամուտ ենք լինելու՝ հնարավորինս արագ ստանալու այդ ամբողջ ծավալները, որովհետև դա ուղիղ կապ ունի մեր մարտունակության հետ», - ասաց Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։
Սարգսյանի խոսքով՝ հատկապես վերջին ամիսներին առաջնագիծը համալրվել է տեխնիկական միջոցներով՝ դիտարկման սարքերով, գիշերային-օպտիկական նոր հնարավորություններով:
Նախարարը խոսեց նաև հայ-ամերիկյան ռազմական հարաբերություններից, այն բնութագրեց «շատ ինտենսիվ» և հույս հայտնեց, որ ամերիկյան նոր վարչակազմի օրոք հարաբերությունները կշարունակվեն: