Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեկ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփին:
Օրակարգում կլինի երկու երկրների առևտրի խնդիրը: Մեյն օտարերկրացի առաջին ղեկավարն է, ով Թրամփի պաշտոնամուտի արարողությունից հետո կհանդիպի ԱՄՆ նորընտիր նախագահին:
«Շատ ուրախ եմ, որ կարող եմ այսքան շուտ հանդիպել նախագահ Թրամփին, սա վկայում է Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների հատուկ հարաբերությունների հզորության մասին», - խորհրդարանում ասել է վարչապետը:
Մինչդեռ, վերլուծաբանների կարծիքով, երկու երկրների պատմականորեն սերտ կապերին կարող են վնաս հասցնել տնտեսական հարցերում այսօր առկա լուրջ տարաձայնությունները: Մեյի աշխատակազմի լարված ջանքերի շնորհիվ է ամերիկացիների հետ համաձայնեցվել երկօրյա այցի կազմակերպումը:
Մեյի համար բարդ կլինի բանակցել մի նախագահի հետ, ով առաջնորդվում է «Նախ Ամերիկան» կարգախոսով և ամիսներ առաջ ՆԱՏՕ-ն անվանել է «հնամաշ ու ժամկետանց կառույց»:
Այնուամենայնիվ, Մեյը բրիտանացի խորհրդարանականներին հավաստիացրել է, որ Թրամփի հետ հանդիպման ընթացքում առանց երկյուղելու կպաշտպանի Բրիտանիայի շահը:
«Մենք կքննարկենք բրիտանա-ամերիկյան առևտրի գործարքը, որը բարգավաճում և նոր աշխատատեղեր կտա մեր երկրին։ Հավատացնում եմ, որ մենք առաջնայինը կհամարենք Միացյալ Թագավորության շահերն ու արժեքները», - ասել է Մեյը:
Մեյի ԱՄՆ-ում սպասվող ելույթներից որոշ պարբերություններ արդեն հրապարակվել են բրիտանական մամուլում: Նա Ամերիկայում խոսելու է Տրանսատլանտյան կապի կարևորության մասին, ասելով, որ այդ դաշինքի շնորհիվ է ստեղծվել արդիական աշխարհը: Ավելին, Մեյը կասի, թե Ամերիկան և Բրիտանիան ունեն հատուկ առաքելություն արդիական աշխարհում, և կառաջարկի համատեղ ջանքերով այն կատարել:
Թրամփի մայրը շոտլանդուհի է, դա հաշվի առնելով՝ Մեյը Թրամփին կնվիրի «քուեք» (quaich) անվամբ մի գավաթ, որը շոտլանդացիները համարում են բարեկամության խորհրդանիշ:
Մինչդեռ, Մեծ Բրիտանիայում քաղաքական գործիչներից շատերին են մտահոգում Դոնալդ Թրամփի առաջին քայլերը:
Լեյբորիստների նախկին լիդեր Էդ Միլիբենդը Թվիթերի էջում գրել է. - «Այսօր նա սկսում է Մեքսիկայի սահմանին պատ կառուցել, ընդունելի է համարում կտտանքներով հարցաքննությունները, ծաղրում է կլիմայով զբաղվող գիտնականներին, և տիկին Մեյն ասում է Թրամփին՝ «միասին առաջնորդենք»: Մեր հարգարժան պահպանողականները հիվա՞նդ են»:
Թերեզա Մեյը խոստացել է Թրամփին փոխանցել բրիտանացիների մտահոգությունը նրա առավել վիճահարույց նախաձեռնությունների վերաբերյալ:
Առաջին կանգառը Ֆիլադելֆիան է, այնտեղից էլ Մեյը կմեկնի Վաշինգտոն: