Հայաստանի նախագահ, իշխող ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցավ իշխող Հանրապետականի գործադիր մարմնի նիստը, որին հաջորդեց կուսակցության խորհրդի նիստը:
«Ընտրվել է նոր խորհուրդ, որին անդամակցել են մեր կուսակցության 35 նոր ներկայացուցիչներ: Ընտրվել են կուսակցության նախագահի տեղակալներ: Կուսակցության նախագահի առաջին տեղակալ է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, Հայաստանի Հանրապետության վարչապետ, պարոն Կարեն Կարապետյանը: Կուսակցության նախագահի տեղակալներ են ընտրվել պարոն Մուշեղ Լալայանը, պարոն Գալուստ Սահակյանը և պարոն Արմեն Աշոտյանը», - նիստերից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը նաև տեղեկացրեց, որ կուսակցությունը ձևավորել է Ավագների խորհուրդ, որի նախագահ է ընտրվել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
«Երևանի Հանրապետական կառույցի ղեկավար է ընտրվել քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Կանանց խորհրդի նախագահ է վերընտրվել տիկին Հերմինե Նաղդալյանը, Երիտասարդական կազմակերպության ղեկավար է վերընտրվել հարգելի պարոն Կարեն Ավագյանը», - շարունակեց Էդուարդ Շարմազանովը:
Առաջիկա ընտրությունների մասին
Անդրադառնալով վերջին շրջանում որոշ քաղաքական ուժերի հնչեցրած քննադատությանը այն մասին, որ ցանկալի չէ 2017-ի խորհրդարանական ընտրություններն անցկացնել ապրիլի 2-ին՝ քանի որ այդ օրը լրանում է 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մեկ տարին, ՀՀԿ խոսնակը հայտարարեց․ - «Եթե առանց բացառության բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական պայմանավորվածության, որ երեք-չորս օրով հետաձգենք ընտրության օրը, որը համընկնում է ապրիլի 2-ի հետ, ապա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այստեղ որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում»:
Ծառուկյանի՝ մասով․ «Նման բան չկա»
Էդուարդ Շարմազանովը խոսեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու թեմային՝ նշելով․ - «Ծառուկյանի մասով, որ ասում են՝ Հանրապետականի պրոյեկտն է, կեղծ ընդդիմություն․․․ նման բան չկա, և չի կարող լինել»:
ՀՀԿ-ից «արտագաղթի մասին»
ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաև իշխող կուսակցությունից «արտագաղթի» մասին խոսակցություններին՝ հայտարարելով․ - «Հանրապետական կուսակցությունը կենդանի օրգանիզմ է: Կարող է՝ երեք-չորս գործիչ էլ դուրս գալ՝ ոչ առաջին անգամ են դուրս գալիս, ոչ վերջին»:
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀԿ-ից դուրս գալու մասին ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ - «Հովիկ Աբրահամյանի որոշումն է եղել դուրս գալ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Իր իրավունքն է՝ մնալ Հանրապետականում, չմնալ Հանրապետականում: Հանրապետականը դրանից թուլացա՞վ՝ իհարկե ոչ: Հանրապետականը ավելի՞ միասնական է, ավելի՞ վճռական է՝ կարծում եմ՝ այո»: