Օրեր առաջ Դավոսի հայտնի տնտեսական ֆորում ներկայացված Տաղանդների մրցունակության համաշխարհային սանդղակը, որը տարբեր ցուցանիշներով դասակարգում է նաև երկրների կրթական համակարգերը, մտահոգել է հայ մասնագետներին:
Ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանն ահազանգող է համարում հատկապես կրթական ցուցանիշի նահանջը, եթե 2013-ին Հայաստանն այս առումով 74 հորիզոնականում էր, 2016-ին՝ 102-ում, ապա այս տարի հայտնվել ենք 109-ում․ - «Այն երկրները, որոնք մեզանից հետ են, սարսափելի թերզարգացած երկրներ են՝ Բուրկինա Ֆասո, Մադագասկար, Զիմբաբվե, այս տեսակի երկրներ, որոնք երբեք չեն փայլատակել իրենց կրթական ցուցանիշներով»:
Նման նահանջը պայմանավորված է մի շարք գործոններով: Խաչատրյանի բնորոշմամբ՝ դրանցից առաջինը հենց ամբողջ կյանքի ընթացքում ինքնակրթությամբ չզբաղվելն է: Այս ցուցանիշով Հայաստանը 118 երկրների մեջ 114-րդ տեղում է՝ առաջ անցնելով միայն աֆրիկյան չորս երկրից: Մասնագետի խոսքով՝ աշխատողին չի խրախուսում գործատուն, սոցիալ-տնտեսական դրությունն էլ նպաստում է գիտելիքները զարգացնելու ցանկության կորուստին:
Ոչ պակաս մտահոգիչ են, ըստ Խաչատրյանի, նաև ցուցանիշները ֆորմալ կրթության ոլորտում․ - «Հիմնական անկումը այստեղ վերաբերում է ֆինանսական վիճակին: Այսինքն, ֆինանսական վիճակը մեր համալսարանների շատ վատ է: Աշխարհում չկա այդպիսի դեպք, որ որևէ երկիր, որը տնտեսական լավ ցուցանիշ չունենա, ունենա լավ համալսարաններ»:
Ուսման վարձավճարներից բուհական համակարգի կախումը թուլացրել է Հայաստանի դիրքերը աշխարհի կրթական քարտեզում: Իսկ 2015-ին Պիզայի աշակերտական միջազգային ստուգատեսին չմասնակցելը դատարկ է թողնել զեկույցում՝ հայ դպրոցականների գիտելիքների որակի մասին վկայող վանդակը: Սերոբ Խաչատրյանը նկատում է՝ այս ամենի ֆոնին արժեքը կորցնում են առարկայական մրցույթներից ու օլիմպիադաներից բերած մեդալները․ - «Տասը-քսան տարի առաջ դա համարվում էր կարևորագույն ցուցանիշներից մեկը: Բայց միշտ մենք դա ասում ենք, որ չի կարելի Հայաստանի կրթական համակարգի մասին խոսելիս օլիմպիական մեդալներն ու նվաճումները ներկայացնել որպես կրթության որակի ցուցանիշ: Որովհետև միջազգային կազմակերպությունները օլիմպիական մեդալները չեն ճանաչում որպես կրթության որակի ցուցանիշ»:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը չգիտի, թե ինչու 2015-ին հայաստանցի աշակերտները չեն մասնակցել Պիզայի ստուգատեսին, քանի որ ինքն այդ ժամանակ նախարար չի եղել:
Իսկ ինչ վերաբերում է դավոսյան զեկույցին, ապա ոլորտի ղեկավարի խոսքով, դեռ պետք է հասկանալ, թե ինչն է դրվել վարկանիշի հիմքում և ինչու է Հայաստանը կտրուկ զիջել դիրքերը․ - «Ինձ ավելի շատ մտահոգեց, որ մենք մի անգամ մասնակցել ենք մի ցուցանիշով, հիմա ունենք մեկ այլ ցուցանիշ: Դա նշանակում է, որ մենք երեք տարվա մեջ չենք կարող այդպիսի մեծ անկում արձանագրել: Ինչ-որ մի խնդիր տեխնիկական է այդտեղ»:
Ու մինչ նախարարությունում կուսումնասիրեն ցուցանիշների անկման պատճառները, բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը զարմանում է Լևոն Մկրտչյանի զարմանքի վրա:
Կարաբերկյանի համոզմամբ՝ սա պետք է դառնա հերթական ազդակը, որը կստիպի ոլորտի պատասխանատուներին մտածել լճացումից դուրս գալու մասին․ - «Մոլուցք ունենք միշտ զարմանալու ցանկացած միջազգային զեկույցի [կապակցությամբ], կարծես թե չգիտեին: Ըստ էության որևէ մակարդակում որևէ ինքնուրույն որոշում չի կայացվում,: Որևէ հստակ քաղաքականությունը, որը նույնիսկ հռչակվում է, մինչև վերջ չի հասցվում»:
Կարաբերկյանը կարծում է, որ զեկույցում արտացոլված թվերն էլ են վկայում, որ Հայաստանում աշխատում են ոչ թե որակի, այլ քանակի վրա: Օրինակ, տպագրված գիտական հոդվածների թվով 44-րդն ենք, բայց գիտական ինստիտուտների որակով՝ 96-րդը․ - «Թվերով գործառնելը պարզապես մանիպուլյացիա է, երբեք չես կարող ստուգել՝ դա այդպես է, թե այդպես չէ»:
Փորձագետներն ասում են, որ այդպես էլ պետք է լիներ․ կառավարությունն այսօր կրթությանը շատ ավելի քիչ գումար է հատկացնում, քան 10 տարի առաջ:
Եվ իսկապես, այս տարվա բյուջեով ոլորտին հատկացրել է 127 միլիարդ 594 միլիոն դրամ, որը միջին փոխարժեքով հավասար է 265 միլիոն 671 հազար դոլլարի: Մինչդեռ 2008 թվականին պետբյուջեից կրթությունը ստացել է 103 միլիարդ 681 միլիոն դրամ, որը այդ ժամանակվա միջին փոխարժեքով կազմում էր 338 միլիոն 860 հազար դոլլար՝ մոտ 73 հազար դոլլարով ավելի է, քանի հիմա: