«Ազատ դեմոկրատները» ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն կուսակցության նախընտրական ցուցակով, որում ընդգրկված կլինեն նաև քաղաքական այլ ուժերի անդամներ, անկուսակցականներ, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչներ:
«Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն իսկ պայմանավորվածություն ունեն ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամներ Ստեփան Սաֆարյանի և Անահիտ Բախշյանի հետ:
2012-ին «Ժառանագության» ցուցակով պատգամավոր ընտրված Քոքոբելյանի փոխանցմամբ, ստեղծվելու է ազատականների յուրօրինակ միություն՝ խարսխված արևմտյան արժեհամակարգի վրա: Նախընտրական ցուցակում լինելու են անձինք, որոնք դեմ են Եվրասիական տնտեսական միությանը, քանի որ այն, ԱԴ նախագահի խոսքով, ոչ թե հնարավորություններ, այլ խոչընդոտներ է ստեղծում Հայաստանի զարգացման համար: Այդ միությունը չի ավելացրել նաև երկրի անվտանգության բաղադրիչը, և դա շատ լավ ի ցույց դրվեց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, ասում է Խաչատուր Քոքոբելյանն ու շարունակում՝
«Քննարկումներ ենք արել և ընդհանուր հայտարարի ենք գալիս թե՛ Անահիտ Բախշյանի հետ, թե՛ Ստեփան Սաֆարյանի հետ: Ես ինքս, այո, խնդրել եմ, որ նրանք մասնակցություն ունենան և հարստացնեն այդ ցուցակը: Դա կլինի այն լայն կոնսոլիդացված ցուցակը, որը յուրովի դաշինք կլինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ընդգրկված են լինելու դրանում: Դա լինելու է, բնականաբար, ազատականների յուրովի դաշինք: Իրավական առումով, այո, դա կուսակցական ցուցակ է»:
Քոքոբելյանի խոսքով, Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանն «իրենց գործունեությամբ և վաստակով առանցքային դեմքեր են» և կարող են հարստացնել ցանկացած ցուցակ: «Մենք միասին ճանապարհ ենք անցել: Այս պահին, զուտ կոռեկտությունից ելնելով, վերջնական որոշումների մասին չխոսենք, բայց պայմանավորվածություն ունենք»,- ասաց ԱԴ նախագահը:
Այսօր «Ազատության» հետ զրույցում Ստեփան Սաֆարյանն ասաց, որ առաջարկներ է ստացել ինչպես «Ելք» դաշինիքից, այնպես էլ «Ազատ դեմոկրատներից»: Սաֆարյանի խոսքով, այն, ինչ առաջարկում է «Ելք»-ը՝ ընտրություններին մասնակցել ռեյտինգային ցուցակով, ռիսկային է, մինչդեռ «Ազատ դեմոկրատներն» իրեն առաջարկել են ընդգրկվել կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակում:
««Ազատ դեմոկրատներն» առաջարկում են պատվավոր հորիզոնական, առաջին եռյակում․ քարոզարշավի ընթացքում մի շարք խնդիրների թեթևացում ինձ համար, Անահիտ Բախշյանի հետ էլ նույն թիմում լինելու, կողք կողքի լինելու գայթակղություն, լիքը պայծառ անուններ, որոնք ցուցակին գրավչություն են հաղորդելու»,- հավելեց Ստեփան Սաֆարյանը:
«Ժառանգություն»-ից վերջերս հեռացած, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն «Ազատության» հետ զրույցում նույնպես նշեց, թե հակված է «Ազատ դեմոկրատների» ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, հաշվի առնելով այդ կուսակցության՝ եվրոպական արեժքային համակարգի վրա հիմնված լինելն ու ԵՏՄ-ից դուրս գալու ձգտումը: «Մանավանդ, որ իմ լավ գործընկեր Ստեփան Սաֆարյանը նույնպես հակված է դրան: Եթե ամեն ինչ լավ գնա, կարծում եմ՝ ցուցակում կլինենք»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Խաչատուր Քոքոբելյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ Ստեփան Սաֆարյանը կլինի իրենց ցուցակի վերին հորիզոնականներում: Իսկ թե ով կգլխավորի նախընտրական ցուցակը, ԱԴ նախագահի խոսքով, այդ հարցը կորոշեն քվեարկության միջոցով և արդեն եկող շաբաթ ցուցակն ամբողջությամբ կներկայացնեն հանրությանը:
Քոքոբելյանը բացառեց հետագայում այլ դաշինքների հետ միավորվելու հնարավորությունը, ընդգծելով՝ վերջնական որոշումը կայացված է, և իրենք «ընտրություններին գնում են առանձին կուսակցական ցուցակով, նպատակ ունենալով մեծ ներկայացվածություն ունենալ հաջորդ խորհրդարանում»: