Մատչելիության հղումներ

Արարատ Խանդոյանի գործով ցուցմունք տվեց նրան բերման ենթարկած ոստիկանը


Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը զինված խմբի կողմից գրավելու օրերին Խորենացի փողոցում բախումներից հետո կալանավորված Արարատ Խանդոյանի դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեց նրան բերման ենթարկած ոստիկան Արման Ասլանյանը։

Նախկին լեյտենանտի կոչումը, ինչպես պարզվեց դատարանում, Խորենացի փողոցի բախումներից հետո բարձրացվել է։ Կապիտան Ասլանյանը հայտարարեց, թե այդ օրը օպերատիվ հետախուզական աշխատանքներ է իրականացրել բողոքի ակցիայի վայրում, որտեղ, ըստ նրա, ագրեսիվ պահվածքով աչքի է ընկել Արարատ Խանդոյանը։

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, «Միայնակ Գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեղադրվում է զանգվածային անկարգությունների մասնակցելու և դրանց ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց «ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելու», ոստիկանության ծառայողին քաշքշելու և նրա վահանը խլելու փորձի մեջ: Խանդոյանը մեղքը չի ընդունում: Նրան բերման ենթարկած կապիտան Ասլանյանը դատարանում պատմեց, որ բողոքի ակցիայի օրը նկատել է, թե ինչպես է Արարատ Խանդոյանը հարվածներ հասցրել հասարակական կարգը պահպանող ոստիկաններին, բայց, ինչպես նշեց ոստիկանը, չի նկատել, որ Խանդոյանը ոստիկանների ուղղությամբ քարեր և այլ առարկաներ է նետել։

Կապիտանն այդպես էլ չհիշեց, թե երբ և որտեղից է բերման ենթարկել Խանդոյանին։ Սա զայրացրեց վերջինիս։

«Վկայություն է տվել, ու այսօր ասում է՝ չեմ հիշում: Դա աբսուրդի է հասնում», - դժգոհեց Խանդոյանը, - «Ու վկայություն է տվել՝ մեղադրելով այնպիսի մեղադրանքում, որ ծանր հանցագործություն է կոչվում: Ու ինքը էսօր ասում է՝ չեմ հիշում»:

Գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ վկա ոստիկանի այսօրվա և նախաքննական ցուցմունքների միջև հակասություն կա, և Արարատ Խանդոյանին թույլատրեց ընթերցել ամիսներ առաջվա ցուցմունքը։ Դրանից հետո կապիտանը հայտարարեց, թե ժամանակ է անցել և որոշ դրվագներ կարող է և չհիշել։

Պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդեց վկային ենթարկել դատահոգեբանական փորձաքննության՝ պարզելու՝ նա իսկապես հիշողության հետ կապված խնդիր ունի, թե դիտավորյալ չի հիշում։ Մեղադրյալի աթոռից Արարատ Խանդոյանն էլ հայտարարեց, թե վկա ոստիկանը ստում է:

Արարատ Խանդոյանը դատարանին միջնորդեց վկա կանչել պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, որն այդ օրերին Խորենացի փողոցում էր՝ խաղաղ ցուցարարների կողքին։ Այս առաջարկը դատարանը կքննարկի ավելի ուշ։

Պաշտպանական կողմը գործը համարում է շինծու՝ ընդգծելով՝ մինչև հիմա պարզ չէ, թե տուժած 46 ոստիկանից որ մեկն է վնասվածքներ ստացել Խանդոյանի կողմից։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Արարատ Խանդոյանին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG