Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանի պնդմամբ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «անվերահսկելի իրավիճակ է»


Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից երեկ ինքնավնասումով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված դատապարտյալ Սուրեն Հակոբյանի կինը՝ Արմինե Սահակյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե տեղի ունեցածը բռնության հետևանք է:

Արդարադատության նախարարությունը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ու ազատազրկման վայրերում դիտորդություն իրականացնող հասարակական խումբը, մինչդեռ, հերքում են բռնությունների մասին լուրերը:

Դատապարտյալի կինն այս հայտարարությունները ձևական որակեց․ - «Ես բոլորը հերքում եմ: Ում ոնց ձեռք ա տալիս, ընենց էլ ասում են․․․ Իրանք ասել են, որ մտել են, որ իրանց բռնություն գործադրեն: Բռնության արդյուքն ա, հաթաթաներ են տալիս, մտնում են, որ պետք ա խփեն, նրանք էլ ինքնապաշտպանվել են: Իրանք են իրանց վնասում, թույլ չեն տալի իրանց մատով կպնեն, ի՞նչ տարբերություն: Էդ որ սուտ․․․ Արդարադատության նախարարությունը սենց ասեց, Մարդու իրավունքները սենց ասեց․․․ չկա տենց հասկացողություն: Ով ուզում ա իմ դեմը կանգնի, չի կարա ինձ հակառակը ապացուցի․․․ Տղա ա եղել, ոտքերն ա գամել, աչքերն ա կարել, ինչ ասես որ չեն արել։ Ինչի՞ համար․․․ Ամեն ինչ լա՞վ էր, ու իրանք էլ գիժ էին, դրեցին ու իրենց վնասեցի՞ն»:

Բացի Սուրեն Հակոբյանից, երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել ևս երկու դատապարտյալ: Բժիշկների փոխանցմամբ մեկը՝ ծունկն էր վնասել, մյուս երկուսը իրենց պարանոցն էին կտրել:

Դատապարտյալ Սուրեն Հակոբյանը հենց հիվանդանոցում «Ա1+»-ի հետ զրույցում նշել էր, որ չեն ցանկանում լքել սեփական միջոցներով կարգի բերված խուցն ու տեղափոխվել ցմահ դատապարտյալների խուց, որն անմխիթար վիճակում է: Ըստ նրա, ՔԿՀ-ի աշխատակցիները բռնությամբ են փորձել իրենց այլ խուց տեղափոխել:

Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանն մեզ խորհուրդ տվեց կարդալ իրենց պաշտոնական պատասխանը, որտեղ նշված է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առաջին հարկն ապաբնակեցվում է, իսկ վերջին խցում պահվող դատապարտյալները չեն ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջներին և դիմել են ինքնավնասումների:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պնդում է․ - ««Ծառայողի օրինական պահանջը չկատարելու» պաշտոնական ձևակերպմամբ հիմնավորվում է բռնությունը: Սա միանշանակ բռնության հետևանք է: Անվերահսկելի իրավիճակ է քրեակատարողական այդ հիմնարկում: Շարունակ լսում ենք բռնության մասին»:

Թեպետ Արդարադատության նախարարությունն ու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն հերքում են բռնությունների մասին լուրերը, մեկ այլ դատապարտյալի՝ Հրաչյա Գևորգյանի փաստաբան Նինա Կարապետյանցը պնդում է, որ իր հաշմանդամ վստահորդը վերջին 5 ամիսների ընթացքում առնվազն երեք անգամ բռնության է ենթարկվել ՔԿՀ-ի աշխատակցիների կողմից:

Իսկ վերջերս հաշմանդամին գետնին քարշ տալով տեղափոխել ու ընկած վիճակում են թողել ցուրտ խցի թաց հատակին․ - «Բոքսի դուռը բացելիս ես տեսա, որ հաշմանդամ մարդը պատկած ա հատակին, շորտերով, կարճ մայկայով, առանց կոշիկների ու ամբողջովին կեղտոտված: Բացատրեց, որ՝ ինձ անկողնուն հանել են, քարշ տալով բերել են, հասցրել են այստեղ․․․ Հենց Նուբարաշենում մի քանի անգամ նա բռնության ա ենթարկվել»:

Փաստաբանի խոսքով՝ իր վստահորդը 6 տարի առաջ ՔԿՀ է մտել քայլելով ու խոսելով, այսօր նա չի քայլում ու խոսում է մեծ դժվարությամբ:

Թե՛ իրավապաշտպանը և թե՛ փաստաբանը վստահ են՝ ՔԿՀ-ներում իրավիճակն անկառավարելի է:

«Նախարարը առհասարակ բանտային համակարգով չի հետաքրքրվում: Թողնվել է միայն քրեակատարողական վարչության վրա, որը և արդարացնում է բռնության գործադրումը», - ասաց Ժաննա Ալեքսանյանը:

«Գիտեք, այնպիսի տպավորություն է, որ ընդհանրապես Արդարադատության նախարարությունը գտնվում է քրեակատարողական վարչության կազմում և ոչ թե հակառակը: Վերադասության խնդիրը, ինձ թվում է խախտված է այդտեց», - հավելեց Նինա Կարապետյանցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG