Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները շարունակում են վիճարկել ԱԺ ընտրությունների օրը նշանակելու իրավաչափությունը


«Չսկսենք խախտումով», - առաջիկա խորհրդարանական ընտրությունները ապրիլի երկուսին նշանակելը հակասահմանադրական համարող Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Էլինար Վարդանյանն այսպես է դիմել նախագահ Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով իշխանությանը կա՛մ տալ իրավական անթերի հիմնավորում, որ ապրիլի 2-ին ընտրությունների նշանակումը անվիճելի է, կա՛մ ընդունել օրենքների անկատարությունը և վերանայել ընտրության օրը։

«Հակառակ դեպքում, անգամ ընտրություններից հետո, այս հարցն անընդհատ կարող է վիճարկվել տարբեր ատյաններում, այդ թվում՝ միջազգային, և դառնալ քաղաքական շահարկման առարկա», - նախագահին ուղղված բաց նամակը եզրափակել է Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը։

Ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու ընդդիմախոսները կարծում են, որ Ազգային ժողովի հերթական ընտրություններ անցկացնելու մասին 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների համապատասխան հոդվածը դեռևս ուժի մեջ չի մտել, ուստի գործում է հին հաշվարկը, որի համաձայն ընտրությունները չէին կարող նշանակվել ապրիլի 2-ին:

Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ, «Թրանսփարենսի ինտերնեյշընլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով, ընտրությունները պետք է նշանակվեին ապրիլի 22-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում․ - «2015 թվականի սահմանադրական հանրաքվեով ընդունված Սահմանադրության 91-րդ հոդվածն է նշում, թե ինչպես են անցկացվում Ազգային ժողովի ընտրությունները: Ավելի ճիշտ՝ երբ են նշանակվում: Եվ որպես ժամկետ նշանակված է Ազգային ժողովի լիազորությունների ավարտից ոչ ուշ 60 օր, ոչ շուտ 50 օր առաջ: Բայց եթե ուշադրություն դարձնենք նույն Սահմանադրության անցումային դրույթներին, ապա այս 91-րդ հոդվածը դեռ ուժի մեջ չի մտել: Հստակ ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվում հաջորդ գումարման Ազգային ժողովի հրավիրման օրը: Եվ ավելին, անցումային դրույթներում հստակ նշված է, որ մինչև նոր գումարման Ազգային ժողովի առաջին նիստի հրավիրման օրը գործում է Ազգային ժողովի ընտրությունների նշանակման նախկին Սահմանադրության դրույթը: Նախկին Սահմանադրության դրույթը՝ 68 հոդվածը, հստակ նշում է, որ ընտրությունները նշանակվում են ոչ ուշ 40, ոչ շուտ 30 օր առաջ: Դա կլիներ 2017 թվականի ապրիլի 22-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում»:

ԱԺ-ի հերթական ընտրություն նշանակելու մասին նախագահի հրամանագրում հիմք է ընդունվել Ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը: «Տեսեք», - շարունակեց Տիգրանյանը, - «Նոր Սահմանադրության 91-րդ հոդվածը դեռ ուժի մեջ չի մտել, բայց 91-րդ հոդվածի դրույթը արտատպված է Ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածում, որտեղ հստակ նշված է, որ ընտրությունները նշանակվում են 60 և 50 օրվա ինտերվալում, և Ընտրական օրենսգրքի այս նորմը ուժի մեջ մտած է: Այսինքն, եթե անգամ Սահմանադրությամբ չառաջնորդվենք, այլ միայն Ընտրական օրենսգիրքը լիներ ուղղորդող փաստաթուղթը, ապա նշանակում է ճիշտ էր կատարված 60 և 50 օր առաջ: Բայց Սահմանադրության նորմերը գերակայում են օրենսգրքի դրույթի նկատմամբ»:

Խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանի խոսքով՝ իրավական բանավեճը հանգուցալուծելու դասական ճանապարհը Սահմանադրական դատարան դիմելն է․ - «Մի խումբ իրավաբաններ գտնում են, որ ճիշտ է, հրամանագիրը պետք է հիմնվի Ընտրական օրենսգրքի վրա, որտեղ սահմանված են այդ դրույթները, մի շարք իրավաբաններ գտնում են, որ չպետք է, որովհետև Ձեր իսկ կողմից նշած Սահմանադրության 91-րդ հոդվածը դեռևս ուժի մեջ չէ: Այս առումով, եթե կա վեճ, ես կարծում եմ, լուծման միակ տեղական տարբերակը դա Սահմանադրական դատարանն է»:

Հարցին, թե, օրինակ, Հանրապետական կուսակցությունը այդ հարցով կդիմի՞ ՍԴ, Սահակյանն արձագանքեց․ - «Հանրապետական իր դիրքորոշումը վաղուց արտահայտել է դրա հետ կապված: Մենք գտնում ենք, որ ապրիլի 2-ը հակասության մեջ չէ, և ապրիլի 2-ին մենք պատրաստվում ենք մասնակցելու, անցկացնելու ընտրական գործընթացները: Կհորդորեմ գործիչներին և մեր քաղաքական ուժերին՝ ավելի լավ է պատրաստվենք ընտրությունները նորմալ անցկացնելուն, քան թե փորձենք ինչ-որ խնդիրներ առաջացնել»:

Նկատելով, որ արդեն արձանագրվել է, որ ընտրությունների օրվա նշանակումը կատարվել է գործող Սահմանադրության համապատասխան դրույթի խախտմամբ՝ անցած շաբաթավերջին տարածած հայտարարությամբ ՀԱԿ-ը պահանջեց հարգել նաև ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը, եվ ընտրությունների օրը նշանակել նախկին Սահմանադրության պահանջներին համապատասխան՝ ապրիլի 21-30-ի միջակայքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG