Մատչելիության հղումներ

Վթարի է ենթարկվել Հայաստանից Ռուսաստան մեկնող միկրոավտոբուսը


Հունվարի 22-ին՝ կեսօրին մոտ, Ռուսաստանում հայերին տեղափոխող միկրոավտոբուս է վթարի ենթարկվել:

Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Հայաստանից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող միկրոավտոբուսը, որը որում եղել է 9 քաղաքացի, այդ թվում վարորդը, կողաշրջվել է: Վիրավորներին տեղափոխել են Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոց:

«Ազատության» հետ զրույցում հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուկանցևը, տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 5 հիվանդ․ 4-ը՝ վնասվածքաբանության, 1-ը՝ վիրաբուժական բաժանմունքում:

Ինչ վերաբերում է մյուսներին, ապա նրանք դուրս են գրվել՝ ստանալով առաջին բուժօգնություն:

«Տուժածների առողջական վիճակն այս պահին գնահատում է կայուն, միջին ծանրության: Նրանից 4 տղամարդ են եւ մեկ՝ կին: Հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում», - ասաց Լուկանցևը:

Բժշկի խոսքով, հիվանդները դեռ իրենց մոտ կմնան ևս 3 օր, նրանք ստացել են տարբեր աստիճանի կոտրվածքներ, երկուսի մոտ առկա է նաև թոքի վնասվածք։ Բաժանմունքի վարիչը հավելեց, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է վաղը հիվանդներից երկուսին վիրահատեն:

Ինչ վերաբերում է վթարի պատճառներին, ապա այդ մասին դեռ ոչ ոք ոչինչ չի խոսում: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնում են միայն, որ Mercedes-Benz մակնիշի միկրոավտոբուսը պատկանում է Հայաստանի քաղաքացի, 1985 թ. ծնված Վանուշ Սահակյանին, ով ևս այս պահին հիվանդանոցում է:

«Վթարի պատճառի վերաբերյալ հավանաբար արդեն հանդես կգան Ռուսաստանի Դաշնության համապատասխան ոլորտի աշխատակիցները: Կանցկացվի հետաքննություն և համապատասխան եզրահանգումը կներկայացվի արդեն հանրությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ Հրանտ Ճաղարյանը:

Նա ասաց նաև, որ Արտակարգ իրավիճակների նախարարություն օգնությանը տուժածների հարազատները չեն դիմել: Ինչպես է կազմակերպվելու նրանց փոխադրումը Հայաստան, այս հարցն էլ դեռ օրակարգում չէ:

Տրանսպորտի նախարարությունում սեփական աղբյուրներով են փորձել վթարի պատճառները: Փոխադրումների քաղաքականության բաժին պետ Դավիթ Մելքոնյանն ներկայացնում է Ռուսաստանում շրջանառվող ոչ պաշտոնական վարկածը․ - «Ասում են, որ կլիմայական պայմաններից ելնելով ա եղել: Այդ տարածքում մի քանի վթար է եղել նույն ժամանակահատվածում․․․»:

Մելքոնյանն նշեց, որ դեռ չգիտեն՝ արդյո՞ք սա ոչ կանոնավոր փոխադրող է:

Պաշտոնյանին հիշեցնում ենք 2015-ի Տուլայի եւ 2016-ի Հյուսիսային Օսեթիայի ողբերգական վթարները: Հարցին, թե ոլորտի վերահսկողությունը խստացնող նոր օրենքը ընդունվեց տարեվերջին, ինչո՞ւ չի ստացվում կանոնակարգել դաշտը, Մելքոնյանն արձագանքեց․ - «Օրենքը ընդունվել է, բայց դեռևս ուժի մեջ չի մտել: Բայց, մի փոքր առաջ գնալով ասեմ, որ մենք արդեն իսկ սկսել ենք դեպի Ռուսաստանի Դաշնությունը կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ անցկացնել»:

Մելքոնյանն վստահեցնում է, որ նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կանոնավոր փոխադրողին ավելի շատ արտոնություններ են տրվելու, քան ոչ կանոնավորին: Նախատեսվում է, որ ուղևորատար փոխադրամիջոցները կմեկնեն բացառապես Հյուսիսիային ավտոկայանից և հատուկ ստուգում կանցնեն սահմանը հատելիս․ - «Սովորական քաղաքացու համար ավելի ձեռնտու կլինի որ ինքը կանոնավոր փոխադրումների միջոցով գնա»:

Դավիթ Մելքոնյանը նշում է, թե այսուհետև ոչ ոք իր ցանկությամբ չի կարող սահման հատել՝ պատճառաբանել, թե բարեկամներով Ռուսաստան է գնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG