Իր պաշտոնավարման 100-րդ օրվան նվիրված մամլո ասուլիսում Վանաձորի քաղաքապետ, հանրապետական Մամիկոն Ասլանյանն այսօր հայտարարեց, որ պաշտոնը ստանձնել է տարվերջին, ուստի՝ դրան հաջորդած կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ արձանագրել հնարավոր չէր:
«Գլոբալ առումով, նույնիսկ օրենսդրորեն հաջողություններ արձանագրել չէր կարելի, որովհետեև նախ՝ բյուջեն ես չէի պլանավորել, երկրորդը՝ տնտեսական քաղաքականությունը, որը վարվում էր քաղաքում, նույնպես ես չէի պլանավորել ու ղեկավարում»,- ասաց քաղաքապետը:
2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից հետո ավագանու միակ կայացած նիստը հոկտեմբերի 10-ին է եղել, որի ընթացքում փակ քվեարկությամբ 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը: ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Լուսավոր Հայաստան»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը և «Հայկական վերածնունդ»-ը հուշագիր էին ստորագրել՝ պարտավորվելով քաղաքապետի ընտրություններում պաշտպանել Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։ Ու թեև ենթադրվում էր, որ Վանաձորի ավագանու 33 անդամներից 18-ը քվեարկելու են Մարուքյանի օգտին, վերջինս ստացավ ընդամենը 14 ձայն:
Դրանից հետո ավագանու ընդդիմադիր ուժերը հայտարարեցին նիստերը բոյկոտելու մասին: Ասլանյանի խոսքով, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ընդդիմադիրները նախևառաջ պետք է ներկայանան նիստերին: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու՞ ավագանու ընդդիմադիր չորս անդամները, ովքեր փակ գաղտնի քվեարկության ժամանակ ձայն են տվել իշխանության ներկայացուցչին, չեն ներկայանում նիստերին, Ասլանյանը պատասխանեց՝ տեղյակ չէ, թե ովքեր են իր օգտին քվեարկողները:
«Դե հենց էդ հարցն ուղղեք ավագանու 18 անդամներին, որովհետև չորսի անունները ես չունեմ, դուք գուցե ունե՞ք, կամ գուցե բացահայտելը ավելի ցավո՞տ լինի այն մարդկանց համար, ովքեր ուզում են բացահայտել»,- ասաց Ասլանյանը: Պատասխանելով «Ազատության» հարցին՝ արդյո՞ք վարչապետի հետ քննարկել է Վանաձորում ստեղծված վիճակը, ավագանու անդամների բոյկոտը և ավագանին լուծարելու առաջարկով վարչապետին ուղղված դիմումը, Ասլանյանը բացասական պատասխան տվեց:
«Վարչապետի հետ նման հարց չենք քննարկել, մանավանդ, որ վարչապետն էլ իրավաբան չէ, և հարցը գտնվում է իրավաբանության տիրույթում: Վարչապետի հետ ավագանու հարցը չենք քննարկել, որովհետև վարչապետի հետ մենք քննարկել ենք ավելի կարևոր հարցեր՝ կապված քաղաքի ապագայի հետ, կապված քաղաքի զարգացման հեռանկարների հետ, կապված Վանաձոր քաղաքում ներդրումային մեծ ծրագրերի հետ»,- հավելեց Մամիկոն Ասլանյանը: