Մատչելիության հղումներ

Ռուբեն Բաբայան․ «Ստեղծագործական աշխատանքն ու կյանքն իրարից չեմ տարանջատում»


Բեմադրիչ Ռուբեն Բաբայան, արխիվ
Բեմադրիչ Ռուբեն Բաբայան, արխիվ

Հայտնի բեմադրիչի խոսքով, ստեղծագործական կյանքում թերևս ամենաբարդ խնդիրներից է սեփական սխալների և անհաջողությունների խոստովանությունը, իբրև դրանց մեղավորի` սեփական անձը ճանաչելը:

Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը երբեք չի հրաժարվել՝ հրապարակավ իր կարծիքը կամ տեսակետը հայտնել հանրությանը հուզող այս կամ այն հրատապ հարցի մասին: 1991 թվականից է աշխատում թատրոնում որպես բեմադրիչ: Մինչ այդ թատրոնի գրական բաժնի վարիչն է եղել: Նրան այնքան էլ դուր չի գալիս «ստեղծագործական կյանք» արտահայտությունը:

«Ստեղծագործական աշխատանքն ու կյանքը ես իրարից չեմ տարանջատում, կյանքը հետաքրքիր է, ստեղծագործելը հետաքրքիր է: Հենց կորցրիր հետաքրքրությունը և՛ արվեստի հանդեպ, և՛ կյանքի հանդեպ, ուրեմն երկուսից էլ պետք է հեռանաս»,- ասում է Ռուբեն Բաբայանն ու շարունակում՝ «Իրականում կյանքը մեզ տրված է, որպեսզի մենք կարողանանք այն բեմադրել՝ գլխավոր դերակատարում ստանձնելով»:

Բեմադրիչը նկատում է՝ չափազանց բարդ է հասկանալը, թե կյանք կոչված բեմադրության մեջ հատկապես ինչ դեր է քեզ վերապահված: Սակայն, դա, այնուամենայնիվ, հնարավոր է, եթե «ոչ գերագնահատում, ոչ էլ թերագնահատում ես քեզ, այլ ադեկվատ ես գնահատում»:

Ռուբեն Բաբայանի խոսքով, ստեղծագործական կյանքում թերևս ամենաբարդ խնդիրներից է սեփական սխալների և անհաջողությունների խոստովանությունը, իբրև դրանց մեղավորի՝ սեփական անձը ճանաչելը, «սակայն, դա նաև շատ օգտակար և ամենաբուժիչ է»: «Ես բազմաթիվ չհաջողված ներկայացումներ եմ ունեցել, ոչ միայն բեմում, այլև կյանքում: Բայց միշտ էլ համարել եմ, որ դրանց մեղավորը ես եմ, մարդն ինքն իր բժիշկն է, առաջին հերթին ինքը պետք է իրեն բուժի»,- ասում է արվեստագետը:

Բեմադրիչ Ռուբեն Բաբայանի հետ «Ազատության» հարցազրույցն ամբողջությամբ ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը:

Ռուբեն Բաբայան․ «Ստեղծագործական աշխատանքն ու կյանքն իրարից չեմ տարանջատում»
please wait

No media source currently available

0:00 0:05:59 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG