Մատչելիության հղումներ

Տիգրան Մուկուչյան․ ԸՕ-ում ամրագրված թափանցիկության հետ կապված իրավադրույթները ամբողջական են ու լիարժեք


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի պնդմամբ՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են թափանցիկ անցկացվել նաև առանց տեսախցիկների:

«Իհարկե, շատ լավ կլինի, որպեսզի տեղադրվեն այդ տեսախցիկները, դրանք լինեն տեղամասերում, բայց հարցի այն մոտեցումը, թե արդյոք դա կազդի թափանցիկության առումով թե ոչ, ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգրքում ամրագրված են այնպիսի իրավակարգավորումներ, որոնք առանց այդ էլ տալիս են լիարժեք հնարավորություն ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին հետևելու ընտրական բոլոր գործընթացներին և իրականացնելու հանրային վերահսկողություն: Այս առումով, ես կարծում եմ, մեր օրենսդրության մեջ ամրագրված թափանցիկության հետ կապված իրավադրույթները ամբողջական են ու լիարժեք», - «Ազատության» հետ զրույցում ուրբաթ օրը ասաց Տիգրան Մուկուչյանը:

Ընտրական բոլոր տեղամասերում տեսախցիկների տեղադրման դրույթն ամրագրված է նոր Ընտրական օրենսգրքում, որը ձևավորվեց ընդդիմության ու իշխանության համաձայնությամբ: Այդուհանդերձ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը օրերս «Ազատության» հետ զրույցում չէր բացառել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկներ կարող են չլինեն, քանի որ դեռ չի գտնվել այն կազմակերպությունը, որը կիրականացնի տեխնիկական վերահսկողության համակարգի ծրագրավորումն ու տեղադրումը:

«Գնման ընթացքում տեղի է ունեցել ընդամենը մեկ հայտ, մեկ առաջարկություն, և դրանով պայմանավորված, ամենայն հավանականությամբ, կսկսվեն նոր քննարկումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկությունը, որը ներկայացվել է այդ մեկ մասնակցի կողմից, անհամեմատ ավելի բարձր գին է, քան մենք հնարավորություն ունենք այսօր: Տեսախցիկները հարցը երբևէ չի ամրագրվել Ընտրական օրենսգրքում որպես պարտադիր պահանջ, այն ֆակուլտատիվ, լրացուցիչ պահանջ է և, բնականաբար, կախված էր, թե ինչ գին կառաջարկեն այն կազմակերպությունները, որոնք դա պետք է իրականացնեն», - ասել էր Հարությունյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ապրիլյան քառօրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը՝ ապրիլի 2-ին, խորհրդարանական ընտրությունների նշանակումը հանրային որոշակի դժգոհություն է առաջացրել:

Պատգամավոր Էլինար Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե այդ օրը ընտրությունների անցկացումը հակասահմանադրական է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը այս առնչությամբ նշեց, որ ընտրությունների օրը նշանակված է, և ինքը իրավասություն չունի դա մեկնաբանելու․ - «Կա ամրագրված օրը, կա Ընտրական օրենսգիրք, կա հստակ գործառույթներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար, ինչը և իրականացվում է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ընտրական օրենսգրքի պահանջների հաշվառմամբ, պետք է կազմակերպի ընտրական գործընթացները: Եվ հետևաբար օրվա հետ կապված ցանկացած որևէ այլ դատողություն, առավել ևս՝ բարոյական տիրույթի, ըստ էության չի հանդիսանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության առարկա»:

Նոր Սահմանադրության համաձայն, 2018-ի ապրիլից հետո վարչապետի պաշտոնին հավակնողը պետք է ոչ միայն լինի Հայաստանի քաղաքացի, այլև վերջին չորս տարում մշտապես բնակված լինի Հանրապետությունում:

Այդուհանդերձ, նոր ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ մշտական բնակության պահանջին բավարարելու համար պարտադիր չէ ամբողջ չորս տարին անընդմեջ ապրել Հայաստանի Հանրապետությունում․ բավարար է երկու տարի և մեկ օր ավելի բնակվելը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական կեսնագրության համաձայն, նա վերջին 5 տարիներին «Գազպրոմ»-ում բարձր պաշտոններ է զբաղեցրել:

Հարցին, թե արդյոք Կարեն Կարապետյանն այս պարագայում ունի հնարավորությունը 2018-ից հետո մնալու վարչապետի պաշտոնին, Մուկուչյանն արձագանքեց․ - «Մենք կարող ենք դատողություններ անել բացառապես կոնկրետ փաստական հանգամանքներով: Հետևաբար որևէ վերացական դատողություն ներկայացնելուց զերծ կմնամ: Իսկ ինչ վերաբերում է խնդրին, որն ամրագրված է օրենսգրքում, ապա այստեղ խնդիրը հետևյալն է․ օրենքը սահմանում է մշտական բնակության հասկացությունը, այնուհետև նույն օրենքը ևս հստակեցնում է, թե ինչը պետք է հասկանալ մշտական բնակություն: Այսինքն այստեղ ընդամենը մի դրույթով հստակեցվել է մյուս դրույթի կիրառման սահմանները»:

Ինքը՝ վարչապետ Կարապետյանը, օրերս լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ եթե հնարավորություն չունենա, 2018 թվականից հետո վարչապետ չի լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG