Մատչելիության հղումներ

Բելառուսի դատախազությունը որոշել է բավարարել Լապշինին արտահանձնելու Ադրբեջանի խնդրանքը


Ալեքսանդր Լապշին, արխիվ
Ալեքսանդր Լապշին, արխիվ

Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքով պատասխանատվության ենթարկելու համար։ Այդ մասին այսօր հաղորդում է Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Ըստ հաղորդագրության, որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ տասնօրյա ժամկետում։

Որոշումը դեռ չեն տրամադրել Ալեքսանդր Լապշինի փաստաբաններին։ Վերջիններիս հաջողվել է քաղվածք կատարել որոշումից, որը կցված է Արա Զոհրաբյանի հաղորդագրությանը:

«Փաստաբանների պալատի կողմից ստեղծված աշխատանքային խումբը աշխատում է այս հարցով և իր հնարավորությունների սահմաններում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի Լապշինին։ Ալեքսանդր Լապշինը մեր պաշտպանության կարիքն ունի։
Բոլոր իրավաբան և լրագրող գործընկերներիս կոչ եմ անում միանալ Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանը», - ասված է Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է դեկտեմբերի 14-ին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, Լեռնային Ղարաբաղ այցելելու և Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG