Մատչելիության հղումներ

Այսօր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցն է


Հրանտ Դինք, արխիվ
Հրանտ Դինք, արխիվ

Պոլսահայ նշանավոր մտավորականի սպանությունից 10 տարի անց նրա ընտանիքն ու շահերը ներկայացնող փաստաբանները շարունակում են պնդել՝ որ հանցագործությունն ամբողջությամբ չի բացահայտվել։

«10 տարի է Հրանտը չկա, արդարություն չկա»,- այս կարգախոսի ներքո հազարավոր մարդիկ այսօր հավաքվել էին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» պարբերականի նախկին խմբագրատան շենքի դիմաց՝ հարգելու 10 տարի առաջ սպանված ստամբուլահայ մտավորական, «Ակօս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը։

«10 տարի, հեշտ է ասել, ուղիղ 10 տարի։ Առանց քեզ բնավ հեշտ չէ»,- հավաքվածների առաջ ունեցած իր ելույթում ասել է Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը։ Ինչպես ամեն հունվարի 19-ին, այսօր ևս Դինքի սպանության վայրում ծաղիկներ դրվեցին, մոմեր վառվեցին և արդարության պահանջներ հնչեցին՝ «Բոլորս հայ ենք, բոլորս Դինք ենք», «Հրանտի համար, արդարության համար», «Մարդասպան պետությունը պատասխան է տալու»,- վանկարկում էին մարդիկ։

Այսօր առավոտից թուրքական ոստիկանությունը փակել էր դեպի «Ակօս»-ի խմբագրություն տանող պողոտաները, անվտանգության լայն միջոցառումներ ձեռնարկել։ Իսկ Անկարայում Դինքին նվիրված հիշատակի արարողության ժամանակ միջադեպ տեղի է ունեցել: «Ակօս»-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը թույլ չի տվել Դինքի սպանության տարելիցին նվիրված ցույց անցկացնել։

Հավաքվածներին հաջողվել է մեկ րոպե լռությամբ հարգել Դինքի հիշատակը, սակայն, ոստիկանները հարձակվել են ցուցարարների վրա այն բանից հետո, երբ նրանք սկսել են կարգախոսներ հնչեցնել։

«Ակօս»-ը հաղորդում է նաև, որ այսօր ուշ երեկոյան Ստամբուլում, մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, Դինքի հիշատակին նվիրված քայլերթ է տեղի ունենալու։ Այսօր Դինքին հիշատակը հարգել են նաև Բեռլինում, Փարիզում, Լիոնում, Վիեննայում, Տորոնտոյում, Օտտավայում, Երևանում։

Ստամբուլահայ մտավորականի սպանության 10-րդ տարելիցի առթիվ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը՝ թուրքական իշխանություններին կոչ անելով ակտիվացնել ջանքերը՝ Դինքի սպանության պատվիրատուներին հայտնաբերելու ուղղությամբ։

«Ամեն տարի մենք նշում ենք Հրանտ Դինքի սպանության տարելիցը, մեծարում նրա քաջությունը փոքրամասնությունների իրավունքների համար մղած պայքարում և հարգանքի տուրք մատուցում խաղաղություն հաստատելուն ուղղված նրա բացառիկ ջանքերին։ Եվ ամեն անգամ մենք ստիպված ենք հիշել, որ նույնիսկ մեկ տասնամյակ անց այս ողբերգության պատվիրատուները անպատիժ են մնում»,- ասել է Միյատովիչը։

Դինքի սպանությունից 10 տարի անց նրա ընտանիքն ու շահերը ներկայացնող փաստաբանները շարունակում են պնդել, որ հանցագործությունն ամբողջությամբ չի բացահայտվել։

«Ակօս»-ի գնահատմամբ, Դինքի սպանության գործով տասնամյա դատական գործընթացը կարելի է երկու փուլի բաժանել՝ հանցագործությանը հաջորդած հինգ տարվա ընթացքում սպանության ուղղակի մասնակիցների հայտնաբերումից բացի հետաքննության մեջ այլ առաջընթաց չգրանցվեց։ Իսկ վերջին հինգ տարվա ընթացքում իշխանության և գյուլենական կառույցի միջև ծագած անհաշտությունն ու անցած տարվա հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձը նոր էջ բացեցին Դինքի սպանության բացահայտման գործում։

Թուրքական ոստիկանության, պետական այլ գերատեսչությունների տասնյակ աշխատակիցների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին՝ Դինքի սպանությանն առնչություն ունենալու մեղադրանքով։

Ստամբուլահայ մտավորականի մտերիմներն այսօր էլ հայտարարում են, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել, և իրավապահ մարմինները, տեղյակ լինելով նախապատրաստվող մահափորձի մասին, չեն կանխել այն։ Արդեն 10 տարի է նրանք պահանջում են բացահայտել ու դատապարտել սպանության պատվիրատուներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG