Մատչելիության հղումներ

Վարչապետը աշխատանքային այցով Լոռու մարզում էր


Վարչապետ Կարեն Կարապետյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպեց մարզի համայնքապետերի, ֆերմերների, փոքր ու միջին ձեռնարկատերերի, տնտեսության տարբեր ոլորտների պատասխանատուների հետ:

Մարզպետ Արթուր Նալբանդյանը նախ ներկայացրեց մարզի վիճակը, ընդգծելով, որ 2017-ին ուշադրություն են դարձնելու հատկապես ՏՏ ոլորտին:

«Վերջերս, երբ Տեխնոլոգիական կենտրոնի բացմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահը, ինքը հստակ ասաց, որ գարնանը սկսվելու է նաև Վանաձորում «Թումո» կենտրոնի կառուցումը: Մենք մի շատ կարևոր ծրագրի ընթացքի մեջ ենք՝ «Սմարթ» կենտրոններ կկառուցվեն նաև Դսեղի և Դեբեդի խաչմերուկում՝ մի հրաշք վայրում, որը հիմնականում գյուղական համայնքներին է հնարավորություն տալիս, որպեսզի այդ «սմարթ» գաղափարը տարածվի նաև գյուղական համայնքներում», - մասնավորապես, ասաց մարզպետը:

Վարչապետը փորձեց ոլորտ առ ոլորտ ծանոթանալ խնդիրներին: Քաղաքներում մեծ թվով ուսուցիչներ կան, մինչդեռ 64 գյուղական համայնքներում 198 մասնագետի կարիք կա: Մրցույթներ պարբերաբար հայտարարվում են, բայց դիմողներ չեն լինում: Վարչապետը հորդորեց բարձր վարձատրությամբ կամ այլ պայմաններով փորձել մասնագետներին գյուղ տանել:

«Եթե այստեղ ավելցուկ ունեք, ինչո՞ւ այդ ավելցուկին չեք ուզում մի քիչ վճարելով, կրճատելով, օպտիմալացման ծախսեր նվազեցնելով ասել՝ գիտես ինչ, ուզում ես աշխատես՝ պիտի գնաս կողքի գյուղում մաթեմատիկայի դաս տաս», - խորհուրդ տվեց Կարեն Կարապետյանը:

Ֆերմերները, փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները աջակցություն էին ակնկալում տարբեր հարցերում՝ ապրանքի արտահանումից մինչև հարկային բեռի թեթևացում:

Վանաձորի, Ալավերդու և Ախթալայի քաղաքապետերը ներկայացրին իրենց առաջարկությունները քաղաքների զարգացման հետ կապված՝ աշխատատեղերի ստեղծումից մինչև տուրիզմի զարգացում: Վարչապետը խոստացավ՝ կոնկրետ առաջարկների դեպքում քննարկումներ կանցկացնեն և ներդրումային ծրագրեր կիրականացնեն:

Վարչապետի այցի ընթացքում քիմպրոմցիները կրկին հավաքվել էին, սակայն ոչ բողոքի ցույց անելու համար: Պարզվեց՝ օրեր առաջ «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցների հերթական ակցիայից հետո նրանց՝ 2016 թվականին կուտակված աշխատավարձի պարտքը գրեթե ամբողջությամբ մարվել է: Ակնկալում են, որ վերջին՝ դեկտեմբեր ամսվա աշխատավարձը կմարվի առաջիկա օրերին: Քիմպրոմցիներին հետաքրքում էր նաև գործարանի հետագա ճակատագիրը: Վարչապետի խոսքով՝ ներդրողներ են անհրաժեշտ, որոնց ներդրումները տրամաբանական կլինեն․ - «Եթե ներդրողը գա, առաջարկություն անի, մենք հասկանանք, որ այդ ներդրումը տրամաբանական է, վաղը, մյուս օրը հերթական ռիսկեր չեն առաջանա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG