Մատչելիության հղումներ

Խանդոյանի և Առաքելյանի պաշտպանը հակասություններ է տեսնում ոստիկանների ցուցմունքում


Արարատ Խանդոյանն ու Արման Առաքելյանը դատարանի դահլիճում:
Արարատ Խանդոյանն ու Արման Առաքելյանը դատարանի դահլիճում:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը զինված խմբի կողմից գրավելու օրերին Խորենացի փողոցում բախումներից հետո կալանավորված Արարատ Խանդոյանի և Արման Առաքելյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ հարցաքննված երկու ոստիկանները պնդեցին, թե մեղադրյալներին չեն ճանաչում և չեն կարող ասել՝ նրանք հավաքի ժամանակ վտանգավոր իրեր նետե՞լ են ոստիկանների ուղղությամբ, թե՞ ոչ։

Ներքին զորքերի երկրորդ գումարտակի հրամանատար Գուրգեն Մկրտչյանը, ով հուլիսի 20-ին Երևանի Խորենացի փողոցում ծառայություն է իրականացրել, մեղադրող դատախազի հարցին, թե արդյոք ցուցարարների առաջին շարքերում տեսել է ամբաստանյալներին, պատասխանեց․ - «Անձամբ չես կարա երկու հազար հոգու մեջ դեմքերով հիշես»:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների մասնակցելու և դրանց ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց «ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելու», ոստիկանության ծառայողին քաշքշելու և նրա վահանը խլելու փորձի մեջ: Թե՛ Խանդոյանը, թե՛ իր հետ ամբաստանյալի աթոռին հայտնված Արման Առաքելյանը մեղքը չեն ընդունում։

Ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև կես տարի առաջ տեղի ունեցած բախման հետևանքով վիրավորվել է նաև այսօր դատարանում վկայություն տված ոստիկան Գուրգեն Մկրտչյանը։ Ասաց, թե ձեռքն է կոտրվել, բայց հիվանդանոց չի դիմել:

Նա պատմեց, որ բախման ժամանակ տուժել է իր անձնակազմից 7-8 հոգի, որոնցից մեկը գլխին քարով հարված է ստացել։ Ոստիկանության ներքին զորքերի երկրորդ գումարտակի հրամանատարը պնդեց՝ բախումը հրահրել է ամբոխը․ - «Հրահրելով, տարբեր տեսակի հայհոյանքներով, անձը վիրավորելով, ընտանիքի անդամներին վիրավորելով ու հարվածներով»:

Նա նշեց, որ բախումը սկսվել է, երբ հավաքի մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան ու մտնել ՊՊԾ գնդի տարածք՝ սնունդ հասցնելու այնտեղ գտնվող զինված խմբի անդամներին։

Այնուհետև ականատես ոստիկանը շարունակեց՝ հավաքի մասնակիցների 70-80 տոկոսը ալկոլոհոլի ազդեցության տակ էր և քարերով ու երկաթյա իրերով հարձակվել էր ոստիկանների վրա:

Ամբաստանյալների և նրանց պաշտպանի հարցերին ի պատասխան Գուրգեն Մկրտչյանը նշեց, որ իրենք հատուկ միջոցներ են կիրառել բարձրախոսով հավաքը դադարեցնելու մասին կոչը հնչեցնելուց 7 ժամ անց։ Մինչդեռ նրա գործընկեր, վկա ոստիկան Ռաֆայել Մնացականյանը ասաց, թե ոստիկանության նախազգուշացումից անցել էր 10-15 րոպե, երբ սկսվեցին գործի դրվել հավաքը ցրելու հատուկ միջոցները։

Դատական նիստից հետո մեղադրյալների պաշտպան Արա Ղարագյոզյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս հակասությունը ևս մեկ անգամ վկայում է, որ գործը շինծու է։ Փաստաբանի կարծիքով, անգամ գործը դատարան ուղարկելուց հետո իրավապահները չեն պարզել, թե Արարատ Խանդոյանը և Արման Առաքելյանը տուժած 46 ոստիկաններից որ մեկին են հարվածել․ - «Տեսանյութով հստակ երևում է․ երբ որ այս հատուկ միջոցը կիրառվում է, ոստիկանությունը ժամանակ է տալիս, որ պետք է հավաքի մասնակիցները լքեն տարածքը: Սակայն դեռ բարձրախոսը չի իջեցնում այդ ոստիկանը, արդեն ոստիկանությունը հատուկ միջոց է կիրառում: Իսկ նրանք ասում են՝ 15 րոպե, 7 ժամ հետո»:

Հաջորդ դատական նիստը հունվարի 26-ին է։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Արարատ Խանդոյանին և Արման Առաքելյանին սպառնում է մինչև 8 տարվա ազատարկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG