Մատչելիության հղումներ

Պուտին․ Օբամայի վարչակազմը կեղծ մեղադրանքներով փորձում է խարխլել Թրամփի լեգիտիմությունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Մոսկվա, Կրեմլ, 17-ը հունվարի, 2017թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Մոսկվա, Կրեմլ, 17-ը հունվարի, 2017թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին քննադատել է ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին կեղծ մեղադրանքներ տարածելով նրա լեգիտիմությունը խարխլելու փորձերի մեջ:

Անցած շաբաթվա ընթացքում լրատվամիջոցները հաղորդեցին, որ Օբամային և Թրամփին ներկայացված՝ ամերիկյան հետախուզական ծառայությունների զեկույցները պարունակում են Թրամփին վարկաբեկող չհաստատված տեղեկատվություն, որը հավաքվել է Ռուսաստանի կողմից: Այդ դոսյեի մասին հայտնել է բրիտանական հետախուզության նախկին աշխատակիցը:

Այդ տեղեկատվությունը Թրամփը որակել է կեղծ լուր:

Երեկ Պուտինը հերքել է 2013 թվականին Մոսկվայի հյուրանոցներից մեկում Թրամփին առնչվող դրվագի վերաբերյալ վարկաբեկիչ դոսյեի առակությունը, դա որակել է կեղծ և ասել է, թե այդ կեղծիքի պատվիրատուները «մարմնավաճառներից ավելի վատն են»:

Այդ մեղադրանքների կապակցությամբ իր առաջին հրապարակային մեկնաբանություններում Պուտինն ասել է, թե Ռուսաստանի հետախուզական ծառայությունները պատճառ չունեին լրտեսելու Մոսկվա այցելած Դոնալդ Թրամփին, որի հետ կապված վարկաբեկիչ միջադեպը իբր տեղի է ունեցել «Ռից-Քարլթոն» հյուրանոցում: Նա ասել է, թե Թրամփին չի ճանաչում, չեն հանդիպել, երբ մի քանի տարի առաջ Մոսկվա էր եկել, նա քաղաքական գործիչ չէր:

«Մենք նույնիսկ չգիտեինք նրա քաղաքական հավակնությունների մասին՝ պարզապես գործարար է, Ամերիկայի հարուստ մարդկանցից մեկը: Արդյո՞ք որևէ մեկը կարծում է, թե մեր հատուկ ծառայությունները վազում են բոլոր ամերիկացի միլիարդատերերի ետևից: Իհարկե ոչ, դա պարզապես լիակատար զառանցանք է», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Հեգնելով մեղադրանքների կապակցությամբ, նա նաև նկատել է՝ գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլի կազմակերպման համար Մոսկվա ժամանած Թրամփը ինչո՞ւ պետք է մարմնավաճառներ վարձեր: «Նախ, նա հասուն մարդ է, և երկրորդը՝ մարդ, որն իր ամբողջ կյանքում, կամ եթե ոչ ամբողջ, ապա՝ շատ տարիներ, գեղեցկության մրցույթներ է կազմակերպել՝ հանդիպելով աշխարհի ամենագեղեցիկ կանանց: Ես դժվար եմ պատկերացնում, որ նա հյուրանոց է վազել՝ հանդիպելու սոցիալական ցածր պատասխանատվություն ունեցող մեր աղջիկներին», - ասել է Պուտինը՝ ավելացնելով, թե «չնայած նրանք, իհարկե, աշխարհում ամենալավն են»: «Ես կասկածում եմ, թե Թրամփը կգնար դրան», - ասել է նա:

Այս ամսվա սկզբին ամերիկյան հետախուզական ծառայությունները հայտարարեցին, որ իրենց եզրահանգումներով՝ Ռուսաստանի նախագահի հրահանգով ԱՄՆ-ի դեմ հաքերային հարձակումներ են իրականացվել՝ նպատակ հետապնդելով խարխլել ամերիկյան ժողովրդավարությունը, օգնել Դոնալդ Թրամփին և վարկաբեկել նոյեմբերի 8-ի ընտրություններում նրա մրցակից Հիլարի Քլինթոնին:

Պուտինը երեկ ասել է, որ դոսյեների, գաղտնի նյութերի մասին լուրերը Թրամփի լեգիտիմությունը խարխլելու նպատակ ունեն, նպատակ ունեն «կապել նրա ձեռքերն ու ոտքերը» նախընտրական խոստումների իրականացմանը խոչընդոտելու համար՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսի հետ հարաբերություններում:

Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Մոսկվայի և Վաշինգտոնի դժվարին հարաբերությունները ի վերջո կնորմալանան:

Դոնալդ Թրամփը, ով Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին, ասել է, թե ցանկանում է բարելավել կապերը Մոսկվայի հետ:

«Սառը պատերազմից» հետո ԱՄՆ - Ռուսաստան հարաբերությունները իջել են ամենացածր մակարդակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG