Մատչելիության հղումներ

Հայաստանում 2016-ը խոսքի ազատության առումով «ծայրահեղ ծանր էր»


Ըստ ԽԱՊ զեկույցի, 2016-ին 2015 թվականի համեմատ աճել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների, ինչպես նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը:

2016 թվականը Հայաստանում խոսքի ազատության տեսանկյունից ծայրահեղ ծանր էր։ Իր տարեկան զեկույցում անցած տարին այսպես է գնահատում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:

ԽԱՊ կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի խոսքով՝ նման եզրակացության հանգելու հիմքերը տարվա ընթացքում լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններն են, ճնշումները, ինչպես նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման բազմաթիվ փաստերը։

«Ցավոք, այդպիսի միջադեպեր արձանագրվում են նաև հարաբերական հանդարտության ժամանակ։ Այդ բոլոր փաստերը մեզ հիմք են տալիս, որ այդպիսի խիստ գնահատական տանք՝ տարին ծայրահեղ ծանր էր»,- զեկույցի ներկայացման ժամանակ ասաց Աշոտ Մելիքյանը:

Ըստ փաստաթղթի, 2016-ին 2015-ի թվականի համեմատ աճել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների, ինչպես նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը։ Ընդհանուր առմամբ, ֆիզիկապես տուժել են 26 լրագրողներ և օպերատորներ, հիմնականում հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը հաջորդած իրադարձությունների ժամանակ:

«Իհարկե, պետք է նաև հիշել, որ այդ առնչությամբ, թերևս առաջին անգամ երկրի նախագահը ներողություն խնդրեց և հավաստիացրեց, որ այդպիսի բան չի լինի, բայց պետք է ասել, որ մեր շփումները տուժած լրագրողների հետ ցույց են տալիս, որ նրանք այլևս չեն հավատում, որ այդպիսի բաներ էլ չեն կրկնվի»,- ասում է Մելիքյանը:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը լրագրողների նկատմամբ բռնությունների աճը պայմանավորում է անպատժելիության մթնոլորտով: «Դեպքեր եղել են նաև 2014, 2015 թվականներին, սակայն, իշխանությունները դրանց նկատմամբ պատշաճ ուշադրություն չեն ցուցաբերել, արդարացի քննություն չեն իրականացրել, մեղավորներն էլ չեն պատժվել, ինչը կլիներ կանխարգելիչ։ Հետևաբար դրանք չեն նվազել»,- նկատում է իրավապաշտպանը: Նրա խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում ևս լրագրողները կարող են ենթարկվել բռնությունների:

Լրագրող Վահե Մակարյանը, ով հենց 2016-ի վերջում բռնության ենթարկվեց պատգամավոր Ռուբեն Հակոբյանի կողմից, իր փորձից ելնելով, տարին ծանր էհամարում։ «Վնասվածքների, բռնության առումով 2016 թվականին, պայմանավորված նաև Խորենացու իրադարձություններով, նման դեպքերն ավելի ակնհայտ էին»,- ասաց լրագրողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG