Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ում «անթույլատրելի են համարում» Բորդյուժայի հրաժարականը դեկտեմբերի 29-ի հայտարարության հետ կապելը


ՀԱՊԿ և անդամ երկրների դրոշները զորավարժության ժամանակ, արխիվ
ՀԱՊԿ և անդամ երկրների դրոշները զորավարժության ժամանակ, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մամուլի քարտուղարը այսօր հաղորդագրություն է տարածել՝ վստահեցնելով, թե լրատվամիջոցների՝ կազմակերպության շուրջ վերջին շրջանի շատ հրապարակումներ «ոչ այնքան օբյեկտիվ բնույթ են կրում, իսկ երբեմն էլ չեն համապատասխանում իրականությանը»:

«Մասնավորապես, զանգվածային լրատվամիջոցները մեծ ուշադրություն են հատկացնում հայ - ադրբեջանական սահմանին 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ն․Ն․ Բորդյուժայի մեկնաբանությանը: ՀԱՊԿ քարտուղարությունը Ն․Ն․ Բորդյուժայի մեկնաբանության էության պարզաբանում ավելի վաղ տվել է, որտեղ ընդգծված ուշադրություն էր դարձվում այն բանին, որ Կազմակերպության Գլխավոր քարտուղարը հատուկ անհանգստություն և լուրջ մտահոգություն է արտահայտել այն կապակցությամբ, որ զինված միջադեպը տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետության սահմանին», - ասված է հաղորդագրությունում:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, պետք է նշենք, որ ՀԱՊԿ դիրքորոշումն արտացոլված է Կազմակերպության անդամ պետությունների հայտարարությունում, որը ընդունվել է 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում: Քարտուղարությունն իր աշխատանքում հետևողականորեն և խստիվ մնում է այդ դիրքորոշմանը», - հավաստիացնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

ՀԱՊԿ-ը նաև «անթույլատրելի է համարում Ն․Ն․ Բորդյուժայի հրաժարականը 2016 թվականի դեկտեմբերի 29-ի միջադեպի վերաբերյալ մեկնաբանության հետ կապելը», պնդելով, որ նրա՝ որպես գլխավոր քարտուղարի լիազորություններն ավարտվել են 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ «2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում պետությունների ղեկավարների ընդունած որոշմանը խստորեն համապատասխան»: Նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում ևս, ըստ հաղորդագրության, քարտուղարությունը առաջնորդվում է նույն նստաշրջանի ժամանակ ընդունված որոշումներով և «պետությունների ղեկավարների պայմանավորվածություններով», որոնցում որևէ փոփոխությունների մասին տեղեկատվության «քարտուղարությունը չի տիրապետում»:

Հիշեցնենք, դեկտեմբերի 29-ին Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ, որը հրապարակվել էր կազմակերպության պաշտոնական կայքէջում, ՀԱՊԿ այժմ արդեն նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան սադրիչ էր գնահատել «ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում տեղի ունեցած այդ գործողությունները՝ հատկապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծանր սպառազինության և զրահատեխնիկայի կիրառմամբ տեղի ունեցած բավական լուրջ միջադեպի ֆոնին»: Այդ ձևակերպումները բուռն վրդովմունք էին հարուցել Ադրբեջանում, որտեղ նաև Բորդյուժայի պաշտոնանկության կոչեր հնչեցին:

Հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները փոխանցվեցին Բորդյուժայի տեղակալ Վալերի Սեմերիկովին, դեկտեմբերի 29-ի հայտարարությունն էլ ՀԱՊԿ պաշտոնական կայքում ներկայումս գտնել հնարավոր չէ:

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեռևս մեկ տարի առաջ ռոտացիոն կարգով պետք է փոխանցվեր Հայաստանի ներկայացուցչին, ինչը, սակայն, տարբեր պատճառաբանություններով դեռևս տեղի չի ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG