Տոներն ավարտվելուն պես քաղաքացիները ստացել են կոմունալ վճարումների մասին ծանուցագրեր, որոնք, ինչպես իրենք են ասում՝ կարծես «սև թուղթ» լինեն։
Ցրտաշունչ ձմեռը ստիպել է շատերին նախատեսվածից ավելի գումար հատկացնել կոմունալ ծառայությունների համար և դատարկ գրպանով սպասել հաջորդ աշխատավարձին։
Կոմունալների վճարումը դժվարություններ է ստեղծել հատկապես թոշակառուների համար։ 84-ամյա Աֆրիկյան Ադրանիկն այսօր ստացած թոշակից ընդամենը 1700 դրամ է տուն տանում։
«Ինչքան ստացել եմ, էնքան էլ մուծել եմ կոմունալ, հեսա՝ տեսեք, ջուրը, գազը, լույսը, ընդհանուր 44,000 դրամ մուծել եմ։», - պատմեց նա:։
Գազի և էլեկտրաէներգիայի էժանացումը սպառողների վրա կազդի այս տարվա հունվարից սկսած։ Սակայն վերջիններս հույսեր չունեն, որ այդ մի քանի դրամը որևէ կերպ կթեթևացնի իրենց բեռը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը ևս «Ազատության» հետ զրույցում նշեց՝ նմանատիպ ձմեռվա պարագայում այդ մի քանի դրամը քաղաքացիների վրա առանձնապես չի ազդի։
«Որևէ կերպ այդ մի քանի դրամը տեսանելի չի կարող լինել հասարակ սպառողի համար», - նշեց նա:
Պիպոյանը չբացառեց, որ հունվարյան վճարումները կարող են փոքր ինչ ուրախացնող լինել, սակայն չկա վստահություն, որ դա որակի անկման հաշվին չի լինի․ - «Օրինակ, եթե գազի գինը նվազում է, բայց կալորիականությունը ևս նվազում է՝ սպառողի համար ավելի շուտ գնաճ է տեղի ունենում, քան գնանկում»: