Մատչելիության հղումներ

Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց


Դատական նիստը հետաձգվեց արդեն երկրորդ անգամ և կրկին այս գործով անցնող Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բացակայության պատճառով:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը կարդաց քրեակատարողական հիմնարկից ստացված տեղեկանքը, ըստ որի՝ բժիշկը Շիրխանյանի վիճակը գնահատել է բավարար ու ընդգծել, որ նա կարող էր առանց պատգարակի ներկայանալ նիստին, բայց Շիրխանյանը հրաժարվել է՝ ասլեով, որ ցավեր ունի սրտի ու ոտքերի շրջանում:

Նիստին ներկա փաստաբաններից Իննեսա Պետրոսյանը, Հովիկ Արսենյանն ու մյուսները հայտարարեցին, որ նիստերը միտումնավոր են հետաձգվում:

Ըստ նրանց՝ Շիրխանյանի պահանջը պետք է բավարարվի, նա պետք է պատգարակով ներկա լինի նիստին

Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը հենց դատարանում ասաց՝ ՔԿՀ-ից ուղարկված փաստաթութղը կեղծ է, որովհետև հենց այդ նույն բժիշկը Շիրխանյանին անկողնային ռեժիմ է նշանակել: Ալումյանը նաև պնդեց, որ Շիրխանյանի գանգատը հասել է Եվրոպական դատարան, այն կքննվի արագացված կարգով:

Ալումյանը նաև հայտարարեց, թե թույլ չի տա, որ իր վստահորդին դատարան բերեն առանց պատգարակի․ - «Բժիշկը ասել է, որ նա պատգարակի կարիք չունի: Այդ նույն բժիշկը ամիսներ շարունակ պարոն Շիրխանյանի համար նշանակել է անկողնային ռեժիմ, իսկ այսօր այդ նույն բժշկի նշանակման հիման վրա պարոն Շիրխանյանը էնտեղ գտնվում է անկողնային ռեժիմում: Ու այդ մարդուն ասում են՝ դու դատարան կարող ես գալ․․․ եթե ինքը մի հարկ չի կարողանում իջնի, որպեսզի լոգանք ընդունի: Դատավորի այսօրվա հայտարարությունից հետևեց, որ ինքը ամսի 20-ին արդեն փորձելու է բռնի ուժով ապահովել պարոն Շիրխանյանի ներկայությունը դատարանում: Եթե ես զգացի, որ իմ պաշտպանյալին արդեն դատարանում են սկսել խոշտանգել, ես անհամաչափ պատասխան կտամ այդ արարքներին»:

Վահան Շիրխանյանը, հիշեցնենք, ըստ ԱԱԾ-ի, ձերբակալվել է «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու» կասկածանքով։ Շիրխանյանի սպառնում է 6-10 տարվա ազատազրկում։

Այս գործով գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանը դատարանի դահլիճում բղավեց․ - «Էս դատարանը բառիս բուն իմաստով շոու է»: Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը շարունակեց պաշտպանյալի միտքը․ - «Էս դատարանը բառիս բուն իմաստով շոու է»: Իր պաշտպանյալի միտքը շարունակեց փաստաբան Լևոն Բարսեղյանը․ - «Նկատի ուներ, որ հերթական անգամ դատական նիստը, դեռ չսկսված ավարտվեց: Եվ այնպիսի տպավորություն է, որ դատապրոցեսները արհեստածին ձևով հետաձգվում են»:

Անցած տարի նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորման գործի շրջանակներում, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել 33 անձի: Ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ:

Ըստ ԱԱԾ-ի, Արթուր Վարդանյանի ստեղծած հանցավոր խումբը նպատակ է ունեցել բռնություն գործադրելու սպառնալիքով Հայաստանում իշխանությունը յուրացնել:

Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 20-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG